Չնայած նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հավաստիացումներին, անպատժելիությունը երկրում շարունակվում է՝ ծնելով նոր հանցագործություններ։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ նրա եղբայրը հիմա էլ սկսել են հաշվեհարդար տեսնել ակտիվ օգտատերերի հետ, ովքեր համացանցում քննադատական մեկնաբանություններ են թողնում քաղաքապետի եւ նրա եղբոր հերոսությունների մասին հրապարակումների տակ։
Միջադեպի մասին մեզ մանրամասներ չհաջողվեց պարզել, ինչը կանենք առաջիկայում, սակայն տեղեկացանք, որ ապրիլի 22-ին Արարատի մարզի Մեյմանդար գյուղում տեղի ունեցած կրակոցների գործով եղբայրները կրկին ցանկանում են գործը «ջարդել» Սեյրան Կարապետյանի վրա, ով համարվում է եղբայրների մտերիմն ու նրանց «գործիքը»։ Կարապետյանը առավել հայտնի է Օպելի Սեյրան անունով։ Երկու տարի առաջ Սարի թաղի դեպքերի ժամանակ էլ, երբ դարձյալ քաղաքապետի եւ եղբոր անուններն էին շոշափվում ցուցարարներին ծեծելու դեպքով, քավության նոխազ դարձավ Օպելի Սեյրանը, նա 6 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո ազատ արձակվեց՝ հզոր հովանավորների շնորհիվ։
Տեղեկություններ կան, որ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանը։ Նրա հետ են եղել մասիսցի Զիբիլի Գոռիկը, Օպել Սեյրանը, քաղաքապետի այլ մտերիմներ։ Պարզեցինք, որ կրակոցների գործով Մասիսի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, ուղարկվել Քննչական կոմիտե, որտեղից մեզ հայտնեցին, որ գործ է հարուցվել Քրօրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն։ Ինչպես նաեւ՝ Մկրտիչ Միրզոյանը ճանաչվել է տուժող, ստացել է հրազենային վնասվածք, հարցաքննվել է, կատարվել է դեպքի վայրի զննություն։
«Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, եւ հանձնարարություն է տրվել համապատասխան մարմիններին նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ կասկածյալը դեռեւս չի հայտնաբերվել։
Երեկ մենք զրուցեցինք նաեւ տուժող Մկրտիչ Միրզոյանի հետ։ Նա Էջմիածնի բնակիչ է, աշխատում էր նշված գյուղում, այժմ ժամանակավորապես չի աշխատում, ապաքինման փուլում է։ Միրզոյանը հենց զրույցի սկզբում վճռական որոշում կայացրեց՝ չշարունակել զրույցը, ապա որոշ հարցերի կցկտուր պատասխաններ տվեց՝ ասելով, որ ինքը պատահաբար է վիրավորվել եւ բողոք չունի․ «Ես հեռու էի, իմ աշխատանքն էի անում, երբ կպավ ինձ։ Ես ցույցին չեմ մասնակցել, ես եթե որեւէ մեկին չեմ ճանաչում, ո՞նց մեղադրեմ»։
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում