Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ինչո՞ւ վենդետա չի լինելու. «Ազգ»

Մայիս 19,2018 11:11

Ուրիշ տարբերակ էլ կա, որի մասին արժե մանրամասն խոսել: Ենթադրենք Ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանին ոչ միայն ազատում են պաշտոնից ու ծառայությունից, այլեւ դատում են (կապ չունի ինչի կամ որի համար): Հասկանալի է չէ, որ Երանոսյանը, եթե ինչ-որ բան արել էլ է, ապա միայնակ չի արել, կամ ինչ-որ մեկի հրամանով է արել, կամ ինչ-որ մեկի իմացությամբ, կամ էլ ինչ-որ մեկի հետ: Ու պարզ է, չէ՞ որ Երանոսյանը դատարանում (եթե հայտնվի այնտեղ) այդ անունները տալու է:

Սա կնշանակի, որ մեղադրանքներ կհարուցվեն այլ անձանց նկատմամբ, ու չի բացառվում, որ ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներ դրանք լինեն: Իսկ Հայաստանում ամենաբարձր պաշտոնյաները միշտ կապ են ունեցել իրենց նախորդների հետ էլ, իրենց հաջորդների հետ էլ, հետեւաբար երբ ասում են, որ վենդետա չի լինելու, շատ հնարավոր է, որ դա ասում են, որպեսզի պատժվողները հանկարծ չտան վայելողների անունները ու չպարզվի, որ իրականում ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, քանի որ հեղափոխություններին պարտադիր հաջորդում է վենդետան, ոչ թե սիցիլիական, այլ քաղաքական իմաստով անշուշտ, չնայած`նայած դարաշրջան, նայած ժողովուրդ կամ նայած երկիր:

Ու հիմա ո՞րն է տարբերությունը. առաջ էլ մենք գիտեինք, որ մեզ հարստահարում են, կան մարդիկ, որոնք նաեւ ծեծում են, մեզանից գողանում են, եւ որ նրանք պաշտոնյաներ են: Հիմա փոխվել է միայն այն, որ այդ մարդիկ այլեւս պաշտոնյա չեն (նրանց մի մասը), ընդամենը, այսինքն` եթե հարստահարել են, ծեծել են, մեզանից գողացել են, ոչինչ, էլ դրա հնարավորությունը չեն ունենա: Հիմա դրա հնարավորությունը ուրիշները կունենան, որոնք կա՛մ կգողանան, կծեծեն, կա՛մ էլ չեն գողանա եւ չեն ծեծի, բայց հաստատ կիմանան, որ եթե անգամ գողանան ու ծեծեն, իրենց դրա համար ոչ ոք չի պատժելու, իրենք չպատժեցին ոչ մեկին, չէ՞:

Մյուս կողմից` չինովնիկը, անկախ նրանից հեղափոխության ծնունդ է, կարմիր է, կանաչ է, աջ է, ձախ է, թե՞ կենտրոնամետ, մշտապես ապրում է պետության հաշվին, նույնիսկ բանտում: Հավանաբար, այս պատճառով էլ նրանց բանտ չեն նետում, այլ պարզապես պաշտոնից են հանում: Քանի որ, եթե հայտնվեն բանտում, կշարունակեն ապրել պետության հաշվին, իսկ եթե պաշտոնից զրկվեն, ապա ստիպված կլինեն ծախսել սեփական փողերը, դե, այսինքն` կուտակած փողերը:

Գուցե այս պատճառով էլ հենց վենդետա չի լինելու:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031