Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Դատական իշխանության դեմ քողարկված ճնշումները, ինչ ազնիվ մղումներով էլ թելադրված լինեն, անթույլատրելի են»

Մայիս 19,2018 10:05

Կառավարության կազմավորմանը զուգահեռ օրակարգում է նաև խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը, սակայն հանրային կարծիքի մի որոշակի հատված հակված է, որ այս փոփոխությունները անմիջականորեն առնչվեն իրավապահ համակարգին ևս, անգամ՝ դատական իշխանությանը: Այս համատեքստում իր դիրքորոշումը հայտնեց նաև նորանշանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Այնուամենայնիվ, անարձագանք մնաց այն տեսակետը, ըստ որի՝ Սահմանադրության համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պետք է ընտրվեր ոչ թե ԱԺ կողմից, այլ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներից: Մի շարք հարցերի պարզաբանման համար aravot.am-ի հարցերին է պատասխանել նշված խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

-Պարոն Դանիելյան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցը ինչպե՞ս է կարգավորված Սահմանադրությամբ, ինչո՞ւ է նախագահի ընտրությունը վիճահարույց ընկալվում:

-Պարզապես վերլուծենք հարցին առնչվող իրավական նորմերը, ինչի արդյունքում եզրակացությունն ինքնին միանշանակ կլինի: Նախ, որպես վիճահարույց ընկալման հիմք է հրամցվում Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասը, ըստ որի՝ Խորհրդի նախագահն ընտրվում է՝ «հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից»: Եթե հատվածաբար, առանց կոնկրետ հարցին վերաբերող մյուս իրավական նորմերի համալիր վերլուծության, հիմք ընդունենք այս ձևակերպումը, կարող է այն թյուրըմբռնումը լինել, որ Խորհրդի նախագահ, նախ, պետք է ընտրվեր դատավորների ընդհանուր ժողովից:

Մինչդեռ՝ որևէ հարցի իրավական կարգավորումը սպառիչ ընկալելու համար առնվազն հարկ է անդրադառնալ նույն հարցի անմիջական կարգավորմանը նվիրված Սահմանադրության մի շարք այլ նորմերի ևս: Նախ, Սահմանադրության նույն 174-րդ հոդվածի 7-րդ մասով իմպերատիվ ամրագրված է. «Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով ընտրում է խորհրդի նախագահ», այլ կերպ ասած, «հաջորդաբար» տերմինով Սահմանադրությունը բնավ չի կանխատեսում Խորհրդի նախագահների ընտրության հերթականությունը, այլ այդ հարցի կարգավորումը վերապահում է սահմանադրական օրենքի կարգավիճակ ունեցող Դատական օրենսգրքին և ընդգծում է երկու տարբեր մարմիններից ընտրված անդամներից հաջորդաբար ընտրվելու անհրաժեշտությունը: Այժմ անդրադառնանք Դատական օրենսգրքի համապատասխան նորմին՝ 166-րդ հոդվածի 8-րդ մասին. «Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո՝ հնգօրյա ժամկետում, խորհրդի տարիքով ավագ անդամը հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Ազգային ժողովի ընտրած անդամներից ընտրվում է խորհրդի նախագահ»:

Այսպիսով, լրացուցիչ մեկնաբանության, անգամ պարզաբանման կարիք չկա, քանզի Սահմանադրության դրույթներին համահունչ ընդունված սահմանադրական օրենքով միանշանակ ընդգծվում է, որ Խորհրդի նախագահ է ընտրվում Ազգային ժողովի ընտրած անդամներից:

Ընդգծեմ, որ այս փուլում, երբ արմատապես վերաձևավորվում է դատական իշխանության մարմինների համակարգը և սեղմ ժամկետներում պետք է կազմակերպվեն արդեն սահմանափակ ժամկետով (3 և 6 տարի՝ առանց վերընտրվելու իրավունքի) դատարանների նախագահների ընտրություններ, խորհրդարանի կողմից ընտրված անդամներից Խորհրդի նախագահ ընտրելը ևս տրամաբանական լուծում է:

-Լրագրողների հետ հարցազրույցում, անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի ընտրության իրավաչափությանն ու վստահության քվեին, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նկատեց, որ. «Հանրության մեջ այդպիսի տեսակետներ ես չեմ շոշափել: Բարձրագույն դատական խորհուրդը ընտրվել է և այն աշխատում է: Որոշումն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, կողմ և դեմ քվեարկածների արդյունքում ԲԴԽ-ն ընտրված է: Դա Ազգային ժողովի, բոլորի կողմից ընդունված որոշում է, այդ թվում՝ դեմ քվեարկածների»: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:

-Ինքս երկակի զգացում ունեմ այդ առնչությամբ. նախ, ինչ խոսք, դա արհեստավարժ պետական գործչի զուսպ ու հավասարակշռված խոսք է, մյուս կողմից, առավել ողջամիտ կլիներ, որպեսզի դատական իշխանության մարմինների կազմավորման և հեղինակության հետ առնչվող հարցերը չուղղվեին գործադիր իշխանության մարմիններին: Ցավոք, մենք նախկինում բազում օրինակների են հանդիպել, երբ նույն կարգավիճակն ունեցած պաշտոնյաներն իրենց թույլ են տվել դատողություններ անել դատական իշխանության նկատմամբ վստահության աստիճանի առնչությամբ, անգամ փորձել են վիճակագրության «սեփական տվյալները» հնչեցնել: Ի դեպ, մենք երեկ հանդիպում ենք ունեցել նորանշանակ արդարադատության նախարար պարոն Արտակ Զեյնալյանի հետ և քննարկել ենք ընդհանուր եզրեր շոշափող բարդ ու առանցքային հարցադրումներ: Տպավորությունը միանշանակ դրական էր, կարծում եմ, կարճ ժամանակ անց հանրության համար տեսանելի կլինեն մեր համագործակցության արդյունքները: Հակիրճ այսպես ձևակերպեմ միտքս. արդարադատության նախարարն սկսում է չափազանց բարդ սոցիալ-քաղաքական իրավիճակում, բայց պետական կառավարման մթնոլորտի տեսանկյունից՝ նախանձելի նպաստավոր միջավայրում:

-Ինչ կասեք դատարանների նախագահների ընտրության մասին, ինչպե՞ս է պատրաստվում Խորհուրդը լուծել այն, որպեսզի աճի հանրային վստահության ցուցիչը:

-Ինչ խոսք, կարևոր հարց է, սակայն ներկայումս բախվում ենք բազում այլ կուտակված խնդիրների ևս՝ սկսած տարրական կարգապահությունից, խոցելի արհեստավարժությունից  մինչև անհարկի ծանրաբեռնվածությունը, դատավորի հոգեբանության մեջ անկախ, ինքնուրույն լինելու մղում ձևավորելը և այլն, ու մտադիր ենք դրանց շուտափույթ լուծում տալ:

Դատարանների նախագահների մասով, նախ, նկատեմ, որ վերջիններս այլևս օժտված չեն լինելու նախկին վարչական լծակներով, ուստի նրանց անձը չի լինելու և չպետք է լինի վճռորոշ՝ դատական իշխանության կայացման տեսանկյունից, հակառակ դեպքում, մենք անխուսափելիորեն հետընթաց զարգացումներ ենք արձանագրելու: Դատական իշխանության հեղինակությունը թելադրված է լինելու յուրաքանչյուր դատավորով: Ինչպես նկատեցի, բացառությամբ վճռաբեկ դատարանի և վճռաբեկ դատարանի պալատների նախագահների, որոնք ընտրվելու են 6 տարի ժամկետով, մյուս բոլոր դատարանների, այսինքն՝ վերաքննիչ և առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների նախագահներն ընտրվելու են 3 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի: Սա արդեն էական ձեռք բերում է վերը նշված դատողությունների համատեքստում:

Հավելեմ, որ Դատական օրենսգիրքը Խորհրդի կողմից առաջին անգամ դատարանների նախագահներ ընտրելու հարցում վերապահել է ընտրության անհամեմատ լայն շրջանակներ: Այսպես, մենք պարտավոր ենք ղեկավարվել Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 32-րդ մասով ամրագրված այն ելակետային դրույթով, ըստ որի. «Առաջին անգամ դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակումը կամ ընտրությունն իրականացնելիս տվյալ դատարանում դատավորի որոշակի փորձառություն ունենալու վերաբերյալ սույն օրենսգրքով սահմանված պահանջը չի կիրառվում»: Այլ կերպ ասած, նախագահի թեկնածուների մեջ ընդգրկվելու են ոչ միայն առնվազն 3 տարի տվյալ դատարանում փորձառություն ունեցող, այլև այդպիսի փորձառություն չունեցող անձինք, պարզապես, վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության պարագայում պետք է, որ նրանք տվյալ պահին առնվազն լինեն վճռաբեկ դատարանի դատավորներ:

-Ի դեպ, չեմ թաքցնում, որ շրջանառության մեջ են դրվել դատարանների նախագահների թեկնածուների անուններ, անգամ խոսվում է այն մասին, որ Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպումներ է ունենում տարբեր ատյանների դատարանների դատավորների հետ, որպեսզի կողմնորոշվի գալիք ընտրություններում:

-Տարաբնույթ շարժառիթներով թեկնածուների անուններ շրջանառության մեջ դնելը, ցավոք, վատ ավանդույթի է վերածվել, ինչը շուտով կկորցնի իր հրատապությունը: Բոլոր դեպքերում, Խորհրդի անդամների վրա դրանք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ: Ինչ վերաբերում է հանդիպումներին, որոնք նաև դատավորներին առավել համարժեք ճանաչելու հնարավորություն են տալիս, ապա դա ինքնին ողջունելի նախաձեռնություն է: Մենք չենք կարող անձի մասին կարծիք ձևավորել սոսկ փաստաթղթային ու վիճակագրական նյութերով: Մյուս կողմից, Խորհրդում միանշանակ բացակայում է հարցերը նախապես «համաձայնեցնելու» կամ որևէ կերպ արտաքին միջամտության ցանկացած դրսևորում: Բնորոշ է օրեր առաջ Խորհրդի կողմից քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահի ընտրությունը. առնվազն կողմ քվեարկեցին 5 թեկնածուի օգտին և միայն մեկին հաջողվեց անցնել նվազագույն 6 ձայնով:

Միտքս ավարտելով ասեմ, դատավորների հետ հանդիպումների ընթացքում մենք միանշանակ ընդգծում ենք, որ մենք մտադիր չենք անտեսել ինչպես դատավորների անկախության երաշխավորման գերխնդիրը, այնպես էլ լինել անհիմն ու անհարկի հանդուրժող: Այս տեսանկյունից ինքս ևս միանում են այն կոչերին, որ դատական իշխանության մարմինների գործունեությանը միջամտությունները, առավել ևս բացահայտ կամ քողարկված ճնշումները, ինչ ազնիվ մղումներով էլ թելադրված լինեն, անթույլատրելի են, որևէ կերպ մենք չենք կարող հաշտվել այն մտքի հետ, որ դատավորները պետք է գործեն իրավիճակային պահանջներով. այդպիսի պայմաններում կայացված անգամ անվերապահորեն օրինական և հիմնավորված ցանկացած դատական ակտ, միևնույն է, հակասում է արդար դատաքննության իրավունքի միջազգային տարրական չափանիշներին: Դատարանների նկատմամբ ճնշումները բացարձակապես համահունչ չեն երկրում ընթացող գործընթացներին, անհարկի կասկածի տակ են դնում դրանց արժանահավատությունը:

Զրույցը` Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031