Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկալի է քառակողմ հանդիպում

Մայիս 19,2018 10:00

Անցած շաբաթ իրադարձությունների բազմազանության մեջ առանձնապես ուշադրության չարժանացավ հեռակա բանավեճը, որը տեղի էր ունենում արցախյան խնդրի շուրջ: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը քննադատեց վարչապետ Փաշինյանի որոշ արտահայտությունները, որոնք նա արել էր Ստեփանակերտում: Ի պատասխան` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտպանեց Փաշինյանին, քննադատեց նախկին նախարարին եւ «ձեռի հետ կպավ» նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Դրան ի պատասխան` երկրորդ նախագահին համակրող 2rd.am կայքը Տեր-Պետրոսյանին «ցինիկ» անվանից, իսկ Վիգեն Սարգսյանը «հակահարված» ստացավ «Հայկական ժամանակ» թերթից՝ «Ռոմանտիկ հակահեղափոխականները. ամենագլխավոր դերը վերապահվել է Վիգեն Սարգսյանին» հոդվածով:

Ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, եթե խոսքը չգնար արցախյան խնդրի մասին, որտեղ, իմ պատկերացմամբ, առաջին դեմքերի՝ նախկին եւ ներկա ղեկավարների միջեւ հրապարակային բանավեճը պետք է տեղի ունենա չափազանց զուսպ եւ պատասխանատու տոնայնությամբ (եթե ընդհանրապես պիտի տեղի ունենա): Ավելին՝ երեք նախկին նախագահները եւ ներկայիս վարչապետը կարող են, կարծում եմ, մնացածների համար օրինակ ծառայել:

Այս հարցում առաջին քայլն, ինձ թվում է, պետք է անեին նախկին նախագահները: Առաջինը, որը նրանք կարող էին անել, նորընտիր վարչապետին շնորհավորելն էր, ինչն արեցին աշխարհի գրեթե բոլոր երկրների ղեկավարները՝ Պուտինից եւ Թրամփից սկսած: (Հանուն արդարության ասենք, որ առաջին նախագահը, թեեւ չի շնորհավորել, բայց երկու անգամ իր փաստացի աջակցությունն է հայտնել ներկայիս վարչապետին, ինչը, բնականաբար, դրական երեւույթ է):

«Աբիժնիկությունը» պետական գործում ավելորդ շքեղություն է, քաղաքական հակառակորդ լինելը դեռ չի նշանակում հակադրվել պետության համար կարեւորագույն խնդիրներում: Առաջին երեք ղեկավարները պետք է ընդունեն 4-րդի ընտրությունը՝ շատ լավ կլինի նաեւ, որ դրանից հետո նրանք հանդիպեն եւ, եթե նույնիսկ ոչ մի խնդիր չքննարկեն, ապա գոնե լուսանկարվեն:

Բայց հատկապես Հայաստանի դեպքում դա կարող է ունենալ ոչ միայն խորհրդանշական իմաստ, քանի որ մենք, ըստ էության, պատերազմի մեջ ենք, իսկ ղարաբաղյան հիմնահարցն ու դրա շուրջ բանակցություններն ունեն տասնամյակների պատմություն: Վատ չէր լինի հիշյալ 4` նախկին եւ ներկա ղեկավարները մտքեր փոխանակեին այս հարցերի շուրջ: Դրա օրինակը մենք տեսել ենք` ապրիլյան պատերազմից անմիջապես հետո երրորդ նախագահն այցելել էր առաջին նախագային:

Մոռացեք, հարգարժան ղեկավարներ, թե ով, երբ, ինչի համար եւ ինչպես է իշխանությունից հեռացրել: Դրանք երկրորդական խնդիրներ են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Ruben says:

    Առաջին երեք ղեկավարները պետք է ընդունեն 4-րդի ընտրությունը՝ շատ լավ կլինի նաեւ, որ դրանից հետո նրանք հանդիպեն եւ, եթե նույնիսկ ոչ մի խնդիր չքննարկեն, ապա գոնե լուսանկարվեն կալանավայրի բանտախցում:

  2. Լավատես says:

    Անիշխան ժողովուրդը կոչվում է ամբոխ, իսկ ամբոխի մասին Սահմանադրությունում ոչինչ չկա գրված, իսկ երբ ամբոխը միավորվում է ու արարիչ եւ ոչ թե ջարդող ուժ դառնում, սա էլ ամբոխ չի, այլ ժողովուրդ: Այն, որ երկուսից ավել տասնամյակ եղել ենք ամբոխ, մի՞թե միայն դրսից դրածո երեք Նախագահներն են մեղավոր, այն, որ հայկական ազգանուններով դրսից դրածոներ կարող են իշխանության գալ, հո դրսին չե՞նք մեղադրելու, իսկ ո՞ւմ, ո՞վ է ազգի խելքը, պատիվն ու խիղճը՝ Ազգային մտավորականությունը, եթե այսօրվա երիտասարդությունը չընդվզեր, նույն մտավորականությունը բացի սիրուն խոսքերից ոչինչ չէր անի, ուրեմն առաջին հերթին Հայ Դատին պետք է հանձնել Ազգային մտավորականությանը: Ազգի խելք ու պատվի ու խղճի փաստացի իշխանության բացակայությունը՝ դա ազգի հանդեպ հանցագործություն է:

    • Լավատես says:

      Ցանկացած հայի համար՝ լինի սուրբ թե ոչ այնքան, բարձրագույն դատը Հայ Դատն է, սա էլ մեր ազգային ազնվականների՝ մտավորականների Հրանտ Մաթեւոսյանի ու Հենրիկ Մալյանի առաջարկած իսկական Հայ Դատը ոնց պետք է լինի:

      https://youtu.be/3itTd6s4_EQ

  3. Հ.Շ. says:

    « Մոռացեք, հարգարժան ղեկավարներ, թե ով, երբ, ինչի համար եւ ինչպես է իշխանությունից հեռացրել: Դրանք երկրորդական խնդիրներ են: »
    ————————————————————————————
    Իբրեւ ընդհանուր հաստատում, անշուշտ: Սակայն Խմբագրականի միտքը այն է թէ՝ արցախեան խնդիրը հիմնական է, եւ ոչ երկրորդական:

    Մինչ, այդ յարգարժան ղեկավարների իշխանութիւնից հեռացման «ինչի համար»ին մէջ՝ էական պատճառ էր արցախեան խնդիրը, գոնէ կամ մանաւանդ Առաջին Նախագահի պարագային: Սերժ Սարգիսեանի պարագային նոյնպէս, իշխանութիւնից նրա հեռացումը պահանջող շարժումի բաղադրիչներուն մէջ տեւաբար կը հնչէր արցախեան խնդրի նկատմամբ իրեն վերագրուած անփութութիւն, անատակութիւն, – եթէ ոչ դեռ աւելի գունագեղ, ծանր մեղադրանքներ, դաւադրական տեսութիւններ -, ապրիլեան պատերազմի ընթացքում հողային նահանջը, եւայլն. (ես բնաւ համաձայն չեմ որ այդպէս էր, սակայն այդպիսի խօսքեր անդադար հնչում էին)

    Հետեւաբար, պարզ է թէ այս նիւթի մասին նախկին նախագահները իրարու միջեւ ունին խոր տարակարծութիւններ: Եւ զանոնք հանրային կերպով արտայայտելը անվայել է, այո, սակայն ոչ զարմանալի:

    Իսկ թէ, պէտք է զգոյշ լինել, քանզի թշնամին ալ լսում է… Նախ, այդ տարակարծութիւնները լայնօրէն յայտնի ու ծանօթ են: Սակայն նաեւ, վերջին շաբաթներու իրադարձութիւններու լոյսին տակ, երբ դէպքերի արտադրած ծանր ռիսկը, յատկապէս Արցախի խնդրի նկատմամբ, նոյնքան ակնյայտ էր որքան անտեսուած («չէ՜, բան մըն ալ չի լինելու, վտանգները սուտ են, երեւակայուած են», եւայլն.), այժմ սոյն հիմնախնդրի նկատմամբ այսքան նուրբ մակարդակի զգուշութեան մասին խօսիլը, երեւի… երկրորդական է:

    Վերջին կէտ՝ ընթանում ենք դէպի խորհրդարանային ընտրութիւններ: Առաջին Նախագահը յստակօրէն միտում ունի իր ՀԱԿ-ը վերադարձնելու քաղաքական դաշտ: ՀՀԿ-ն ալ չէ անհետացած: Եւ կարծիք ալ կայ թէ Քոչարյանն ել շատ հեռու չէ, տեղի ունեցող քաղաքական ուժերու խաղերուն մէջ: Հետեւաբար, նախկին նախագահները պարտաւոր են հանրութեան առջեւ պարզելու իրենց կարծիքներն ու կեցուածքները, Արցախի խնդրի կապակցութեամբ: Որպէսզի քաղաքացիները զայն նկատի առնեն, իրենց քուէն որու տալու որոշումին մէջ: Եւ մնացեալ հայերն ալ, որոնք հետաքրքրուած են առաջնահերթաբար այդ նիւթով, տեղեկանան թէ բանն ինչումն է:

    • Ruben says:

      Իսկ եթե պարզվի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1992թ. պաշտոնապես Արծվաշենը փոխանակել է Քյարքիի հե՞տ:

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/05/19/957793/

      © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

      Ռ. Քոչարյան / Ս. Սարգսյան տանդեմի օրոք Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումը, Մեղրի-Լաչին փոխանակման նախագիծը:

      Եւ այլն, եւ այլն…

      Դրանց պետք է դատել:

  4. Anonymous says:

    Սխալ է կարծիքը թէ Արցախը եղած է մեր առաջնահերթդ խնդիրը։ Որը աւելի կարեւոր է 4.5 միլիոն հայաստանը թէ 2.9 միլիոն Հայաստանը։ Որն է աւելի ծանրակշիռ որոշելու համար Արցախի սահմանները կամ ապագան։ Նախկին 3 նախագահները նոյն բաներուն մասին կը խօսին, 3-ն ալ արցախով ժամանակնիս առին մինչ փչացած համակարգ վարեցին մէկ միլիոն մարդ երկրէն դուրս եկաւ, փոխական իրենք իրենց վրայ առնէն պատասխանատուութիւնը, Արցախով նիւթը կը փոխէն։ Որը մեզի աւելի կարեւոր է թէ Տէր Պետրոսեանը իր երկրորդ ընտրութիւնը չի զեղծեր (եւ անկէ վերջ մինչեւ այսօր բոլոր ընտրութիւնները զեղծուեցան) թէ արցախի խնդրի մասին նրբութիւններով մեր ժամանակը առներ։ Վկայ է Թուրքիան որ ինչ կուզէս կը կընէ կամ կը համաձայնի , օրուան վերջը իր ուզածը կընէ ոչ թէ նախադասութիւններուն իմաստով կը զբաղի։ Ստորագրուած նախադասութիւնները անշուշտ կարեւոր են, բայց մեր ազգին առջեւ դրուած ամենէ կարեւոր խնդիրը չէ որ պէտք է զբաղինք։ Նախկին երեք նախագահներն ալ մեզ չեն ներկայացուցած, պէտք չէ յարգենք որեւէ մէկը որ զեղծարարութեամբ ընտրուած է։ Պատկերէն շատ աւելի կարեւոր բան կայ, այն ալ իրականութիւնն է։ Այս երեքէն ոչ մէկը մեզի ըսելիք չունի։ Այս երեքն ալ մեզ հետ կապ չունին։ Վերջապէս Նոր Սերունդը եկաւ։

    • Հ.Շ. says:

      Եթէ ամէն նոր սերունդ պիտի լիովին, բացարձակապէս, ժխտէ եւ ուրանայ նախորդ սերունդը, բառացիօրէն անհնար է երթալ դէպի առաջ: Քանզի դա կը դառնայ յաւերժական շրջանակ մը, որ մեզ տեւաբար կը տանի սկզբնակէտ:

      Ի դէպ, այդ չէ մօտեցումը Պարոն Փաշինեանին եւ իր անմիջական համախոհներուն: Եւ ճիշդ այդ պատճառով է որ անոնք կարողացան կատարել ինչ որ ցարդ կատարեցին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031