Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը՝ հայաստանյան իրադարձությունների մասին
– Ինչպե՞ս եք վերաբերվում թավշյա հեղափոխությանը, որը տեղի ունեցավ Հայաստանում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ վտանգներ եւ ի՞նչ հնարավորություններ է բերել այս նոր իրավիճակը Հայաստանին:
– Մեր կուսակցության դիրքորոշումը Հայաստանում ծավալված քաղաքացիական անհնազանդությանը ես հայտնել եմ դեռեւս ապրիլի 19-ին՝ Արցախի խորհրդարանի նիստի ժամանակ: Մենք ողջունել ենք այն եւ մեր համերաշխությունն ենք հայտնել հեղափոխությանը: Բնականաբար, թավշյա հեղափոխության հաղթանակը բերեց համընդհանուր ոգեւորություն, որը հարկավոր է կապիտալացնել: Կարծում եմ՝ լուրջ հնարավորություններ կան ուղղակի ներդրումներ եւ դրամաշնորհներ ներգրավելու: Իրականում կան մի քանի հիմնական ակնկալիքներ նոր կառավարությունից՝ տնտեսության մեջ ապօրինի մեխանիզմների վերացում, արդարադատության մակարդակի բարձրացում եւ անթերի ընտրական գործընթացի կազմակերպում: Վտանգ կարող է համարվել նախկին համակարգի կողմից սաբոտաժի գայթակղությունը եւ ռեւանշիզմը:
– Հեռանալով` Հայաստանի ՀՀԿ-ական իշխանությունը մտավախություններ հայտնեց ազգային անվտանգության հարցերի, մասնավորաբար՝ Արցախի հարցի հետ կապված: Դուք տեսնո՞ւմ եք խնդիրներ:
– Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն անձամբ ու նրա աճեցրած համակարգը լրջագույն սպառնալիքն էին ազգային անվտանգությանը եւ մասնավորապես Արցախին: Դա ապացուցվել է վերջիններիս բազմաթիվ պարտվողական հայտարարություններով, ապրիլյան դեպքերով եւ Արցախի նկատմամբ քաղաքականությամբ: Նոր կառավարության առումով ես մտավախություններ չունեմ: Թիմի անդամների մեծ մասին, Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ճանաչում, եւ այս հարցերի շուրջ բազմիցս մենք խոսել ենք:
– ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց մեկ օր անց Նիկոլ Փաշինյանը եկավ Արցախ եւ խոսեց Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու, Հայաստանը հակամարտության կողմ լինելու մասին: Նրա այդ հայտարարությունները բանավեճ ծավալեցին պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների միջեւ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:
– Կարծում եմ՝ կարեւոր էր, որ ՀՀ վարչապետը շեշտեց, որ Արցախի հարցը տարածքային հարց չէ, եւ որ Արցախի ժողովրդի անունից իրավասու են բանակցել միայն Արցախի իշխանությունները: Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանի արձագանքին եւ նախկին նախագահների մասնակցությամբ բանավեճի ծավալմանը, ապա ժամանակ չեմ ունեցել մանրամասն նայելու նյութերը, սակայն նման քննարկումները միայն դրական են: Իմ կարծիքն այս հարցում հստակ է՝ հակամարտությունը եռակողմ է, թեկուզ հենց այն պատճառով, որ Հայաստանն այս հակամարտության հետեւանքով կորցրել է տարածք՝ Արծվաշենը:
– Մինչ այս ամենը՝ հարթակում ունեցած իր ելույթներից մեկում Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ բանակցություններ Արցախի հարցի կարգավորման շուրջ անցկացնելն անիմաստ է, քանի որ Ալիեւը շարունակում է խոսել Երեւանում թեյ խմելու մասին: Սա կարո՞ղ է հիմք հանդիսանալ Երեւանին մեղադրելու բանակցային գործընթացից հրաժարվելու մեջ, քանի որ մինչ այդ ՀՀ իշխանությունները առավել զուսպ եւ դիվանագիտորեն էին արձագանքում Ալիեւի հավակնություններին:
– Սա հստակ ուղերձ է Բաքվին եւ միջազգային հանրությանը, որ ագրեսիվ վարքագիծը կարող է համարժեք հակազդման արժանանալ: Կարծում եմ, որ բանակցությունները կարող են վերսկսվել ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացումից հետո: Մինչ այդ կարելի է կանխատեսել ԱԳ նախարարների ճանաչողական հանդիպումներ:
– Հայաստանյան հեղափոխության օրերին շատ շահարկվեցին սահմաններում ադրբեջանական զորքի կուտակումների մասին լուրերը: ՊԲ-ն տեսանյութեր հրապարակեց: Կողմերի համար դրանք դարձան փոխադարձ մեղադրանքների առարկա: Իրականում ի՞նչ էր այդ օրերին կատարվում սահմաններում: Եթե կային վտանգներ, դրանք արդեն չեզոքացե՞լ են, մանավանդ տեսակետ կա, որ իրականում ՌԴ-ն է զսպել Ադրբեջանին եւ թույլ չի տվել հարձակումներ կամ սադրանքներ իրականացնել:
– Կուտակումներ սահմանային շրջաններում վերջին ամիսներին միշտ էլ լինում են, եւ դա նորություն չէ: Չեմ կարծում, որ Ռուսաստանը կամ այլ երրորդ ուժ զսպել է Ադրբեջանին իր գործողությունների մեջ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ինչ-որ բան ծրագրում էր, սակայն իրողությունների փոփոխությունները առնվազն հետաձգեցին նրա ծրագրերը:
– Շատ քննարկվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի այցը Սոչի եւ այնտեղ ունեցած հանդիպումները ՌԴ եւ Բելառուսի նախագահների, իսկ Ղազախստանի նախագահի հետ չունեցած հանդիպումը: Լրագրող եւ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը շատ է մեղադրել Հայաստանի օրվա իշխանություններին «Կեցցե Ռուսաստանը» կեցվածք ունենալու մեջ, այժմ կարծես ինքը նույնն բանն է անում: Սա նշանակո՞ւմ է, որ մեծ իմաստով ոչինչ չի փոխվելու:
– Պուտին-Փաշինյան հանդիպման արարողակարգային մասը դիվանագիտական խոսքերի փոխանակում էր: Իմ ուշադրությունը գրավեց ռուսական սպառազինությունների շեշտադրումը Փաշինյանի կողմից, կարծում եմ՝ առաջիկա ամիսներին այս ուղղությամբ ակտիվ աշխատանք կտարվի:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
18.05.2018
Իսկ եթե պարզվի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1992թ. պաշտոնապես Արծվաշենը փոխանակել է Քյարքի հե՞տ: