Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված դերասանը՝ «Պոնչոն», կդիմի հացադուլի

Մայիս 19,2018 13:30

Մայիսի 15-ին Վահագն Սիմոնյանը Երեւանի դատարանի Կենտրոնի նստավայրում հայտնեց, որ Երեւանի բոլոր խանութներին պարտք է, քանի որ երեք տարի ընթացող իր քրեական գործի եւ դատական նիստերի պատճառով իրեն չեն թողնում դուրս գալ հանրապետությունից, խաղալ ֆիլմերում, աշխատել իր հանապազօրյա հացի գումարը:
Վահագն Սիմոնյանը օրեր առաջ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ միջնորդություն էր արել, որը կապված էր նրա խափանման միջոցի փոփոխության հետ: Հիշեցնեմ, որ ընտրվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
Նա դատարան էր ներկայացրել լուսանկարում պատկերված ֆիլմի հրավերի հայերեն տարբերակը, որը վավերացված էր կնիքով, նոտարական գրասենյակի կողմից:

Հանրային պաշտպան Էդիկ Աղաջանյանը խորհրդակցելով Վահագնի հետ, պնդել էին բնակության վայրից բացակայելու մասին, ինչին առարկել էր դատախազ Էլմիր Հարությունյանը: Ճանաչված արվեստագետն իր խոսքում նշել էր, որ նախաքննության փուլում իրեն քննիչը քսանհինգ օրով թույլատրել էր մասնակցել նկարահանումների: Սակայն այդ փաստարկը չէր համոզել ոչ միայն դատախազին, այլ դատավոր Գագիկ Պողոսյանին, որն ավարտված էր համարել դատաքննությունը, եւ առարկել էր, որ դատական վիճաբանությունների ներկա փուլում չի կարող թույլ տալ դերասանին գնալ նկարահանումների Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի քաղաք:

«Դատախազն ասես պայմանավորված լիներ դատավորի հետ»,-«Առավոտի» հետ զրույցի ժամանակ դատական նիստից հետո ասաց 45 տարի բեմերից չբացակայած զրուցակիցս՝ Վահագն Սիմոնյանը:

Ի դեպ, Վահագն Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 24.08.2015թ., ժամը 20:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծի 36բ շենքի դիմաց վիճաբանել է տուժող Ռուբեն Գալստյանի հետ, որի ընթացքում, «ուղղակի դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելով եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն գործադրել նրա նկատմամբ` պատճառելով առողջության թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք»: «Զենքն» էլ էլեկտրաշոկն է, որը դատարան եկած վկաներից որեւէ մեկն այդպես էլ չնկարագրեց:


Վահագն Սիմոնյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, որը նրա կարծիքով՝ ծայրից ծայր հորինված է, սուտ մատնության հետեւանք է:

Զրուցակիցս ասաց, որ մայիսի 15-ի նիստից առաջ, առավոտյան իրեն Մոսկվայից մի կին է զանգել, որը լինելով դեպքի վայրում, դեպքի օրը՝ 2015թ. օգոստոսի 24-ին 1 ժամ 18 րոպե նկարահանել է դերասանի հետ պատահածը. «Այդ կինը ժամը 19.30-ի սահմաններում գտնվելով այնտեղ՝ տեսել է ամեն բան: Նա ասաց, թե զարմացած էր, որ ես ողջ եմ մնացել: Ասաց, որ տեսել է, թե ինչպես են տուժողի հետ տասը մարդ հարվածել ինձ, գլխիցս արյունը հոսում էր փողոցով մեկ, նրանք չէին թողնում, որպեսզի կանչեին շտապօգնություն, ասաց, որ հետեւում է դատական գործընթացներին եւ համացանցով կուղարկի իր նկարահանածը»:

Այն, որ Վահագնի գլուխը վնասված է եղել, կորցրել է գիտակցությունը, եւ նրան իսկապես ծեծողները թույլ չեն տվել, որպեսզի կանչեն շտապօգնություն, որն ի վերջո հաջողվել է այդ օրն այդ ժամին նրա հետ գտնված փաստաբանին՝ Գեւորգ Մարտիրոսյանին, մենք տեղեկացրել էինք մի քանի նիստ առաջ, երբ փաստաբանը դիմելով դատարանին, ասաց, թե իր վկայությունը կարող է դիտվել հաղորդում հանցագործության մասին:
«Այն պահին, երբ անգիտակից պառկած էիր, շարունակեց ինձ զանգ տված կինն ասել, ստիպեցին քո փաստաբանին, որ քշի Փեթակի պահեստներ: «Սվիստիտ» մականունով մեկը զանգեց Ձորաղբյուր, դրանց պարագլխին, որպեսզի գան, զինված հարձակում գործեն տանդ վրա»,-ասում է զրուցակիցս:

Այդ կինը նկարել էր նաեւ ոստիկանության բաժնի բակում եւ հիվանդանոցի բակում կատարվածը, Վահագնին շտապօգնության բժշկի կողմից տված օգնությունը:
Այս գործի քննության ընթացքում պարզվել էր, որ անհետացել են ոստիկանության բաժնի դեմ տեղադրված տեսախցիկները, փողոցի վեց տեսախցիկների տեսաերիզները, արվեստագետն ասում է, որ ջնջվել են հեռախոսային խոսակցությունները, մասնավորապես՝ օգնության համար զանգերը «ՎիվաՍելից», «Բիլայնից», «Օրանժից»:
«Իմ բոլոր վկաներին, որոնց միջնորդել եմ, որպեսզի գան դատարան, դատավորը մերժում է, իսկ տուժող կողմի նախապես պատրաստված վկաներին չեն մերժում: Այդ քամին տանում է Մասիս քաղաք: Ես միջնորդել էի, որպեսզի գա իմ ընկերը՝ Արսեն Դավթյանը, որին կանչել էր փաստաբանս, ասելով, թե Վահագնին ծեծում են: Դատարանը մերժեց նաեւ դատակոչել տասնութ վկաներին՝ վարորդներին, համարելով, որ նոր ապացույց ձեռք բերելու հնարավորությունները սպառված են»,-ասում է զրուցակիցս:

Վ. Սիմոնյանն ասում է, որ երբ կարդում է մեղադրական եզրակացությունը, այնպիսի տպավորություն է, թե պոեզիա է ընթերցում, երբ դատախազն է խոսում, ասես, «տվորոգը խանութում 19 կոպեկ լինի: Հին, կոմունիստական: Տպավորությունս է՝ չտո անի խատյատ, ի ռիբկու սեստ, ի ակվարիում վիպիտ»:

Դիմելով հացադուլի, Վահագնը կոչ է անելու վերանայել հորինված այս քրգործի պատմությունը, վերջ դնել իր հետապնդումներին, կոչ է անելու ԱԱԾ-ին, վարչապետին, նախագահին եւ արդարադատության նախարարին իրենց հսկողության տակ վերցնել սույն գործի հետագա ընթացքը:

Դատախազը մեղադրական ճառով հանդես կգա հունիսի 15-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

18.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031