Ինչպես հայտնի է, դեռեւս Խորհրդային Հայաստանում առկա էր զարգացած գիտական համակարգ: Բարձր մակարդակ ունեին նաեւ հայ գիտնականները եւ նրանց ներդրումները գիտության զարգացման գործում: Դա ամենից առաջ պայմանավորված էր գիտության զարգացման համար հատկացվող ֆինանսավորմամբ եւ գիտաշխատողներին վճարվող աշխատավարձի բարձր մակարդակով: Գիտաշխատողների աշխատանքի արդյունավետության զարգացմանը նպաստում էր նաեւ գիտնականների կողմից հրատարակված դասագրքերի, ուսումնական ձեռնարկների եւ գիտական հոդվածների ֆինանսավորումը: Սակայն այս ամենը գլխիվայր շրջվեց Հայաստանում կոռումպացված շուկայական հարաբերությունների ձեւավորման ընթացքում: Իրականում թե՛ ֆունդամենտալ եւ թե՛ կիրառական գիտության զարգացումը մղվեց հետին պլան:
Ներկայումս Հայաստանում գիտության զարգացման ֆինանսավորումը կրճատվել է 8-10 անգամ: Բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում նաեւ գիտաշխատողների եւ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի աշխատավարձի մակարդակը:
Դրա հետ մեկտեղ պետական բյուջեից հատկացվող խղճուկ ֆինանսավորումը օգտագործվում է ցաք ու ցրիվ ճանապարհով: Այսօր գիտության զարգացման գործում էական դեր չի խաղում ո՛չ ազգային ակադեմիան, ո՛չ գիտության զարգացման պետական կոմիտեն եւ ո՛չ կրթության ու գիտության նախարարությունը: Զարգացած շուկայական տնտեսության երկրներում գիտության զարգացումը հիմնականում տեղի է ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հետեւաբար անհրաժեշտ է այդ դրական փորձը կիրառել նաեւ Հայաստանի Հանրապետությունում:
Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե կրճատել բակալավրիատի եւ մագիստրատուրայում ուսումնասիրվող առարկաների թիվը եւ դրանց մի մասը տեղափոխել միջնակարգ, ինչպես կանխատեսում են որոշ գիտնականներ, այլ ընդհակառակը, պետք է կրճատել բարձրագույն ուսումնական հաստատություններում այն առարկաների դասընթացները, որոնք ուսումնասիրվում են միջնակարգ դպրոցներում, ինչպես, օրինակ, հայոց լեզու, օտար լեզուներ, պատմություն եւ այլն, եւ դրանց փոխարեն ընդլայնել մասնագիտական առարկաների ժամաքանակը, որպեսզի ուսանողությունը ձեռք բերի ավելի լայն բնույթի եւ բարձր մակարդակի գիտելիքներ: Մենք վաղուց ի վեր համակերպվել ենք այն իրողության հետ, որ եթե վերը նշված առարկաները խորը չի ուսումնասիրվում միջնակարգ դպրոցներում, ուրեմն դրանք պետք է եւս մեկ անգամ ուսումնասիրել բարձրագույն կրթության համակարգում: Այսինքն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է դառնան գիտության զարգացման իրական կենտրոններ:
Գիտության զարգացման գործում ոչ պակաս նշանակություն ունի նաեւ գիտական կադրերի օգտագործման արդյունավետության բարձրացումը՝ առանց տարիքային սահմանափակումների:
Գիտությունը սպորտ չի, որպեսզի ամենուրեք փնտրել երիտասարդ կադրերի, դիցուք, երիտասարդ կադրերի պատրաստման գործում եւս անհրաժեշտ է տարեց գիտնականների գիտելիքները եւ աշխատանքային փորձը: Դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ շատ դեպքերում երիտասարդ կադրերի օգտագործման ամպագոռգոռ հայտարարությունները կրում են զուտ պոպուլիստական բնույթ: Այդուհանդերձ, չպետք է թերագնահատել երիտասարդ գիտնականների դերը գիտության զարգացման գործում եւ պետք է դրանց պատրաստումը եւ օգտագործումը կատարել տարեց գիտնականների համատեղ աշխատանքի ընթացքում:
Իսկ ի՞նչ է կատարվում մեր բուհերում: 70 տարին լրացած գիտնականներին չեն թույլատրում մասնակցել թափուր տեղերի համար նախատեսված մրցույթին: Լավագույն դեպքում տարեց գիտնականները հրամանագրվում են բուհերի ռեկտորների կամայականություններով՝ մեկ տարվա կտրվածքով: Այսինքն՝ սահմանափակվում են գիտնականի սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրությամբ (հոդված 57) բոլորը աշխատանքի նկատմամբ ունեն հավասար իրավունքներ եւ բացառվում է տարիքային սահմանափակումը եւ խտրականությունը: Իսկ ՀՀ սահմանադրությամբ (հոդված 5) ոչ մի ղեկավար մարմին իրավունք չունի խախտել այդ օրենքը, քանի որ այն համարվում է բարձրագույն օրենք: Այսինքն՝ բուհերի ռեկտորները խախտում են սահմանադրության վերը նշված օրենքները եւ կամայականություն են դրսեւորում իրենց դասախոսների նկատմամբ:
Շատ դեպքերում նույնիսկ 80 տարեկան եւ ավելի տարեց մարդիկ հրամանագրվում են լրիվ ծանրաբեռնվածությամբ, իսկ ավելի ցածր տարիք ունեցողները հրամանագրվում են նույնիսկ 0,25 դրույքաչափով: Նման երեւույթ տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում, երբ կամայականության հետեւանքով երեք պրոֆեսորներ հրամանագրվել են 0,25 դրույքաչափով: Դա էլ այն դեպքում, երբ ֆակուլտետում համատեղությամբ աշխատում են մոտ 40 դասախոսներ: Խախտվում են ոչ միայն մարդու սահմանադրական իրավունքները, այլեւ բարոյական հիմքերը: Այսինքն՝ մենք խախտում ենք օրենքները եւ բարձրաձայնում, որ մեր երկրում օրենքները չեն աշխատում:
Այսպիսով, ընդհանրացնելով այս բոլորը, պետք է նշել, որ թավշյա հեղափոխության իրականացումը պետք է բացառի կամայականությունը եւ ամենուրեք օգտագործվի մարդկանց սահմանադրական իրավունքները, որը, անկասկած, տվյալ դեպքում կառուցվածքային վերափոխումների հետ մեկտեղ կնպաստի բուհական համակարգում գիտության հեռանկարային զարգացմանը: Շատ պետական այրեր էլ իրենց հերթին գտնում են, որ Հայաստանը փոքր երկիր է, ուրեմն պետք չի ֆունդամենտալ գիտության համար ավելորդ ծախսերի կատարումը: Գիտության զարգացումը ինքնանպատակ չէ, այն միաժամանակ կնպաստի գիտահենք տնտեսության զարգացմանը եւ բարեկեցության աճին: Չնկատել դա, կնշանակի գիտության զարգացման նկատմամբ կարճատեսության դրսեւորում:
ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
տնտեսագետ,
ԵՊՀ պրոֆեսոր
«Առավոտ»
18.05.2018