Մեր տեղեկություններով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, հայրենադարձ Վարագ Սիսեռյանն առաջիկայում նշանակվելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ Մեզ հետ զրույցում Վարագ Սիսեռյանը հայտնեց, թե իր նշանակումը դեռեւս պաշտոնական չէ, քանի որ կառավարության աշխատակազմի կանոնադրությունը դեռեւս հաստատված չէ:
Նշենք, որ Վարագ Սիսեռյանը ծնվել է Ֆրանսիայի Սեւր քաղաքում, ապրել է Բեյրութում: Ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի «Բնապահպանություն եւ ընդհանուր առողջություն», ինչպես նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ» բաժիները։ Վարագ Սիսեռյանը 2008-ից մինչեւ 2016 թվականը մասնակցել է Բեյրութի «Ռադիո Սեւանի» նախ հիմնադրմանը, ապա աշխատել է այնտեղ որպես լրագրող, լուրերի բաժնի համակարգող, տնօրենի օգնական, իսկ հետո նշանակվել է Հայաստանում «Ռադիո Սեւանի» ներկայացուցչական գրասենյակի ղեկավար։
Սիսեռյանը վերջին տարիներին Հայաստանում աշխատել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որպես դասախոսի օգնական եւ հետազոտող։ Վերջին մեկ տարին նա ներգրավվել է ՀՀ կառավարությանը կից գործող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում որպես հետազոտող, ապա՝ փորձագետ, իր աշխատանքը կենտրոնացնելով «Հայաստանի զարգացման ռազմավարություն- 2030» փաստաթղթի, ինչպես նաեւ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների վրա։ Ապրիլի 17-ին Վարագ Սիսեռյանը հրաժարական է ներկայացրել կառավարությանը կից գործող կենտրոնում իր աշխատանքից եւ միացել Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդային շարժմանը, որի ժամանակ ապրիլի 22-ին բերման է ենթարկվել եւ ձերբակալվել: Ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, նա ազատ է արձակվել։