«Լավ կլիներ ուշադրություն դարձնել ուսուցիչների վերապատրաստման խնդիրներին, որոնք շատ հաճախ լինում են տաղտկալի ու ձանձրալի: Ուսուցիչները գնում են դասերից հետո այդ դասերին, հոգնած քնում են ու վերադառնում են տուն՝ ոչինչ չստանալով»,-այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց ուսուցիչներից մեկը, որը մասնակցում էր Կրթության քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկմանը: Այն նախաձեռնել էր Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը:
Միջոցառմանը մասնակցում էին մանկավարժներ, երեխաների ծնողներ, կրթության ոլորտի փորձագետներ: Նախաձեռնության անդամները առանձնացրել են մի քանի հարցեր, որոնք համարում են առաջնահերթ եւ պնդում են, որ այն տեղ գտնի նոր կառավարության ծրագրում: Առաջնահերթությունների փաթեթում ներառվել են կրթության իրավունքի, սոցիալական արդարության, մասնակցության եւ քննադատական մտածողության 4 սկզբունքները: Փաթեթը կներկայացվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին՝ պահանջելով, որ կառավարության ծրագիրը կրթության մասով մեծապես հիմնված լինի հենց այս առաջարկությունների վրա:
Ըստ նախաձեռնության անդամների` Հայաստանում սկսված համաժողովրդական շարժման հիմնական պատճառը մեր երկրում հաստատված խորը եւ արմատավորված սոցիալական անարդարությունն է, ուստի, ըստ ոլորտի մասնագետների, իշխանության եկած քաղաքական ուժը պետք է նախ եւ առաջ քայլեր ձեռնարկի այդ խնդրի լուծման ուղղությամբ:
«Կրթությունը պետք է լինի մատչելի յուրաքանչյուրի համար, կրթությունը պետք է լինի որակյալ, կրթությունը պետք է լինի երեխայակենտրոն, կրթական մթնոլորտը պետք է կառուցված լինի հավասարության, սոցիալական արդարության եւ անձի արժանապատվության պաշտպանության եւ բռնության բացառման սկզբունքների վրա»,-նշված է առաջարկությունների փաթեթում:
Միջոցառմանը ներկա ուսուցիչներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ զարգացած երկրների փորձը ցույց է տվել, որ ավագ դպրոցի վրա ռեսուրս դնելը արդյունավետ չէ, եւ որ այդ միջոցները ճիշտ կլինի ուղղել միջին, կրտսեր դպրոցի վրա, որպեսզի երեխան սիրի կրթությունը եւ սիրելով դպրոց հաճախի:
Մեկ այլ մանկավարժ էլ դեմ էր, որ «Եկեղեցու պատմություն» առարկան հանվի՝ պնդելով, որ դասագիրքը բավականին մատչելի է, եւ երեխաները սիրով ուսումնասիրում են այդ առարկան, որը երեխաների մեջ ամրապնդում է հավատքը. «Ի՞նչ եք ուզում, որ աղանդավորական շարժումնե՞րը ակտիվանան»:
Նախաձեռնող խումբը նաեւ նոր կառավարությունից պահանջում է, որ անվճար մանկապարտեզները լինեն ամբողջ երկրի տարածքում, ինչը կապահովի նաեւ կանանց՝ հատկապես մարզերում աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունը: Սրան զուգահեռ մասնագետները գտննում են, որ պետք է այդ ամենի համար ապահովվեն պատշաճ շենքային պայմաններ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ