Ապրիլի 25-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում էր Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1970թ. ծնված Դուրմիշխան Ռաժիկոյի Շամուգիայի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վրաստանի իրավասու մարմինների կողմից իր նկատմամբ հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու նպատակով, 2017թ. հունիս ամսին առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը): Հավաստի տեղեկություններով՝ Դ. Շամուգիան Վրաստանում մարդ է սպանել ու անօրինական կերպով հատել հայ-վրացական սահմանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը»): Դ. Շամուգիան գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Դ. Շամուգիան միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը միջնորդությունը բավարարել է:
Մայիսի 15-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Դուրմիշխան Շամուգիային մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել մեկ տարվա ազատազրկման: Շամուգիան կալանքի տակ է գտնվում 2018թ. փետրվարի 9-ից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ