Մայիսի 18-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացած ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստի ավարտից հետո, որում քննարկվել էր «Շիրակ» ՖԱ եւ մարզիչ Արարատ Հարությունյանի բողոքը ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թ. N17-18-28 արձանագրության եւ այնտեղ տեղ գտած որոշման դեմ, շտապ հաղորդագրություն տարածվեց, որ ինչպես խոստացել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, գործի մանրամասները հրապարակվելու են, եւ տվյալներին ծանոթանալու համար ԶԼՄ-ները հրավիրվում են ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին նախապես տեղեկացրեց, որ մամուլի ասուլիս չի լինելու, հարցերի չի պատասխանելու եւ խնդրի շուրջ ԶԼՄ-ներում ծավալված բուռն ու հակասական քննարկումներին վերջնական պատասխան տալու իր խոստման համաձայն է լրատվամիջոցներին հրավիրել: Գործի էությունը եւ բողոքարկման կոմիտեի կայացրած որոշումների համար հիմք հանդիսացած բոլոր փաստերը եւ առկա ապացույցները ներկայացրեց ՀՖՖ վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանը:
Լուսինե Բակումյանը տեղեկացրեց, որ ՀՖՖ բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած օրինական որոշումը՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով, թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով եւ մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու ֆուտբոլային որեւէ գործունեությամբ:
«Դրա համար հիմքերն կան: Ուսումնասիրությունը մանրամասն կատարված է, առկա են բոլոր ապացույցները՝ ինչպես «Բանանց» ֆուտբոլային ակումբի կողմից տրամադրված գրությունը, «Շիրակ» ՖԱ կողմից տրամադրված գրությունը, այնպես էլ կան ձայնագրությունների սղագրությունները»,-ասաց իրավաբանը:Հեռախոսազրույց 2 – վերծանում
Այնուհետեւ, Լուսինե Բակումյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին բաժանեց ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստի արձանագրությունները, Արարատ Հարությունյանի եւ «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի միջեւ կայացած հետախոսազրութցների ձայնագրությունները եւ դրանց վերծանված սղագրությունները:
ՀՖՖ բողոքարկման կոմիտեի կայացրած միաձայն որոշման մեջ նշված է.
«Շիրակ» ՖԱ բողոքը մերժել՝ ուժի մեջ թողնելով ՀՖՖ Կարգապահական կոմիտեի 05.05.2018 թ-ի որոշումը:
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ կարող է բողոքարկվել Սպորտային Արբիտրաժային Դատարան (CAS) այն ստանալու պահից 21 օրվա ընթացքում:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն Aravot.am-ին վերջում ասաց, որ ֆեդերացիան «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ կայացրել է բավականին մեղմ որոշում, որպեսզի ակումբը դրանից շատ չտուժի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ