Հայաստանում քաղաքական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը սահմանադրական գործընթացների հիման վրա, ինչպես նաև տնտեսական ինստիտուտների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի բնականոն գործունեությունը, նվազագույնի է հասցրել ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա: Նման եզրահանգման է հանգել Fitch միջազգային վարկանշային գործակալությունը:
Գործակալությունը կարծում է, որ նոր ձևավորվող կառավարության՝ առանց խորհրդարանական մեծամասնության իր աջակիցների սպասելիքներն արդարացնելու ունակությունից է կախված՝ որքան երկար կտևի «մեղրամսի» շրջանը:
Ֆինանսական համակարգում բանկային լիկվիդայնության և ավանդների վրա ապակայունացնող ճնշում չի նկատվել, միջազգային պահուստները շարունակում են մնալ խելամիտ մակարդակի վրա:
«Պարոն Փաշինյանի կաբինետը, որը բաղկացած է փորձառու տեխնոկրատերներից, ինչպես նաև մասնավոր ոլորտի մասնագետներից, մինչև հունիսի երկրորդ շաբաթ կներկայացնի քաղաքական ծրագիր: Հավատացած ենք, որ որոշակի գործոններ մատնանշում են, որ մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը շարունակական բնույթ կկրի: Օրինակ, Հայաստանի Կենտրոնական բանկն ունի անկախության բարձր մակարդակ, իսկ վերջերս նշանակված ֆինանսների նախարարը, որը նախկին նախարարի տեղակալն է, տեխնոկրատ է: Աճին ուղղված բարեփոխումների որոշ նախաձեռնություններ կարող են անգամ համընկնել նախորդ կառավարության նախաձեռնությունների հետ, որոնց նպատակն է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, ինչպես նաև բարելավել գործարար միջավայրը»,- կարծում են Fitch-ի մասնագետները:
Միևնույն ժամանակ Fitch-ը կարծում է, որ ներքին քաղաքական անկայունությունն ամբողջությամբ հաղթահարված չէ, քանի որ նոր վարչակազմը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնելու: Բացի այդ, Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է մեծամասնություն լինել խոհրդարանում, և դեռևս պարզ չէ՝ արդյոք Փաշինյանը, լինելով քաղաքական «աութսայդեր», կկարողանա ստեղծել և պահպանել խորհրդարանական մեծամասնություն՝ չկորցնելով ժողովրդի աջակցությունը՝ կոռուպցիայի կրճատման և սոցիալական արդարության հաստատման ուղու վրա:
«Նորընտիր վարչապետը նոր կառավարության դիրքերն ուժեղացնելու համար նշել էր, որ 2018թ. անցկացնելու է խորհրդարանական նոր ընտրություններ, բայց այս նախաձեռնութունը պահանջում է խորհրդարանի 3/5 մասի հաստատումը: Եթե կառավարության ծրագիրը երկու անգամ չհաստատվի, ևս կլինեն ընտրություններ: Պարոն Փաշինյանը հստակ հայտնել է, որ շարունակելու է արտաքին քաղաքական կուրսը, ինչը նշանակում է բազմավեկտոր մոտեցում՝ ուղղված արևմտյան գործընկերների և Ռուսաստանի հետ հարաբերությունները հավասարակշիռ դարձնելուն»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Արցախյան հակամարտության կարգավորում Fitch-ն առաջիկայում չի ակնկալում, ավելին, գործակալությունը հավանական է համարում հակամարտության սրումը:
«Հայաստանի աճի հեռանկարն ու հարկաբյուջետային կոնսոլիդացիայի գործընթացը, որոնք նպաստել էին անցած դեկտեմբերին դրական հեռանկարով B+ վարկանիշի շնորհմանը, կշարունակեն կարևոր գործոն հանդիսանալ մեր գնահատականների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ