Մայիսի 16-ին Երեւանի քաղաքապետարանի մոտ «Մերժիր Տարոնին» բողոքի ցույցին «հակընդդեմ» մեկ այլ ցույց էր իրականացվում ի պաշտպանություն քաղաքապետի: «Մեր քաղաքապետը Տարոնն է» պաստառներով ցուցարարները պատահական մարդիկ չէին, նրանցից շատերը պայքարում էին դեռեւս ԱԺ ՀՀԿ –ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համար, երբ վերջինիս դեմ բողոքի ցույցերի էին ընթանում Փակ շուկայի ճարտարապետական լուծումները վերացնելու համար:
Տարոն Մարգարյանի դեմ ցույցերի ժամանակ մայիսի 16-ին Էրեբունի վարչական շրջանից թաղային հեղինակություն Պիստ Արմենն էլ իր «շքախմբով» եկել էր աջակցելու Մարգարյանին: Ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի ցույցի օրը Պիստ Արմենն ու նրա «տղաներն» հայտնվել են լրատվամիջոցների տեսախցիկների կադրերում: Նրանք նույնիսկ Մարգարյանի դեմ ցուցարարներին հեգնում էին, թե՝ «արի իրար հետ նկարվենք»:
Պիստ Արմենը հայտնի է մի շարք աղմկահարույց դեպքերով:
Օրինակ՝ ապրիլի 27-ին «ՉԻ»-ն գրել էր. «Թաղային հեղինակություն «Պիստ» Արմենի թիկնապահը հերթով մտել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող բոլոր մանկապարտեզները եւ հրահանգել է մանկապարտեզների տնօրեններին ֆեյք էջեր բացել ու Հանրապետականի լոբբինգը անել։ Թիկնապահը «Պիստի» անունից տեղեկացրել է, որ տնօրենների օնլայն «աշխատանքին» հետեւելու են հատուկ պատրաստում անցած օպերատորներ, եւ եթե նկատեն, որ նրանցից ինչ-որ մեկը պասիվ է ՖԲ տիրույթում, ապա հետագայում կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առաջ»։
Ըստ news.am-ի, թաղային հեղինակություն այս Պիստ Արմենն ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը մտերիներն են , Պիստը նաեւ Անդրանիկ Մարգարյանի սանիկն է:
Ըստ լրատվամիջոցների, Պիստ Արմենը Էրեբունի վարչական շրջանում թաղապետի անունից հարցեր լուծող է. նա անգամ քաղաքապետարանի փոխարեն էր այդ համայնքում որոշ հարցեր լուծում:
Օրերս էլ լուսանկարիչ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ պատկերված են նաեւ Տարոն Մարգարյանի համար օգնության ցույց իրականացնողներից մի քանիսը, որոնցից մեկը, ըստ լուսանկարչի, հարվածել է նրա տեսախցիկին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ