Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Օսիպյան. «էվոլյուցիան իրականացրեց երիտասարդությունը, իսկ եթե էվոլյուցիան չպատասխանի նրանց սպասումներին, կունենանք նոր արտահոսք»

Մայիս 18,2018 17:02

«Ոչ պաշտոնական գնահատականներով մենք ունենք 4 միլիարդ դոլարի ստվեր»,-այսօր Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Ըստ նրա. «Սա այն բարձիկն է, որը քաղաքական կամքի առկայության պարագայում հնարավոր է շատ հանգիստ, առնվազն 30 տոկոսը կարճաժամկետում հարկել»: Ինչի արդյունքում, Արտակ Մանուկյանի հաշվարկներով, հնարավոր կլինի տարեկան եկամտային մասով գեներացնել 180 միլիոն դոլարի հավելյալ եկամուտ. «Սա նշանակում է, որ մենք կարող ենք ամեն ամիս միջինում մեկ բնակչի հաշվով հավելյալ գեներացնել 2,5 հազար դրամի կարգի գումար»:
Պարոն Մանուկյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում

Արտակ Մանուկյանը քննարկման ժամանակ անդրադարձավ նաեւ նոր կառավարության անելիքներին։ Կարծիք հայտնեց, որ երեք կարեւոր ոլորտներում պետք է առաջանցիկ տեմպերով ավելացնել ծախսերն ու եկամուտները։ Դրանք են՝ կրթությունը, գիտությունը եւ առողջապահությունը. «Շատ է խոսվում հակակոռուպցիոն միջոցառումների մասին։ Դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են։ Ենթադրենք կրթության ու գիտության ոլորտում չկա կոռուպցիա, բայց եթե աշխատավարձը ցածր է, դու այդ ոլորտում չես ունենա լավ մասնագետ»:

Քննարկմանը ներկա «Արարատբանկի» վարչության նախագահ, բանկային ոլորտի փորձագետ Աշոտ Օսիպյանը կարծիք հայտնեց, որ զարգացած երկիր ունենալու համար շատ բան պետք չէ, պարզապես պետք է ունենալ տնտեսական զարգացման մեկ ծրագիր, մեկ վեկտոր: Եվ ով գա իշխանության, պետք է պետությունը տանի այդ ճանապարհային քարտեզով:

Ինչ վերաբերում է մարդկանց սպասումներին, պարոն Օսիպյանը նկատեց.
«Հայաստանում էվոլյուցիան իրականացրեց երիտասարդությունը, իսկ եթե էվոլյուցիան չպատասխանի նրանց սպասումներին, մենք կունենանք նոր արտահոսք: Դա կբերի մեծ հիասթափության ու անկման»:

Արդյոք ներդրողները կհետեւե՞ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին եւ կգան մեր երկիր, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որը նույնպես մասնակցում էր այդ քննարկմանը, ասաց, որ նոր կառավարությունից մարդկանց սպասումները շատ են. «Նմանատիպ իրավիճակ էր մեկ էլ 90-ականների սկզբին: Իրականում եթե մեծ սպասելիքներ կա, դա տնտեսության համար ամենակարեւորն է: Հիշեք՝ ինչ էր ասում նախկին կառավարության ղեկավարը, ասում էր՝ մեզ չեն վստահում, մեզ չեն հավատում, հիմա դա չկա: Այդ սպասումները ոչ մի ձեւով չեն չափվում, բայց որ միանշանակ է, որ դա դրսի ներդրողների, ներսի ներդրողների կողմից դրական արձագանք կունենա, միանշանակ է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031