Այսօր՝ 2018 թ. մայիսի 18-ին, ՀՀ Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում սկսվեց Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատարան էր դիմել 2018 թ. հունվարի 24-ին, երբ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հուշարձան համարվող պուրակում առանց Մշակույթի նախարարության և Լոռու մարզպետարանի հետ համաձայնեցնելու իրականացվող շինարարական աշխատանքները դադարեցնելու հիմքեր չէր տեսել:
Շինաշխատանքները դադարեցնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Վանաձորի քաղաքապետին դիմել է երկու անգամ՝ 2017թ. նոյեմբերի 15-ին և դեկտեմբերի 9-ին, երկու դեպքում էլ մերժում է ստացել: Այսօր հայցվոր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը ներկայացրեց հայցի հիմքերն ու առարկան: Դատարանը հարցեր ուղղեց դրա վերաբերյալ, ապա հաշվի առնելով, որ ներկայացված հայցն առնչվում է այլոց իրավունքներին, մասնավորապես՝ շինաշխատանքներն իրականացնող «Գ և Մ» ՍՊԸ-ի իրավունքներին՝ որոշեց վերջինիս որպես երրորդ կողմ ներգրավել: Այնուհետև իր դիտարկումները ներկայացրեց Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչ Սուրեն Աբովյանը և դատարանին այլ ապացույցներ ներկայացրեց հետազոտման համար: Կողմերն այլ միջնորդություններ չունեին: Դատարանը գործը համարեց դատաքննության նախապատրաստված: Դատաքննության օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ