Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտե՞ղ է Աշոտյանը ավտորիտարիզմ տեսել». Լենա Նազարյանը՝ անարխիայի, պոպուլիզմի եւ ավտորիտարիզմի վտանգի մասին

Մայիս 18,2018 16:56

ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը Փաշինյանի կառավարության առաջ 3 խնդիր էր տեսել՝ անարխիա, ավտորիտարիզմ եւ պոպուլիզմ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ելքի» պատգամավոր, ՔՊ անդամ Լենա Նազարյանը զարմացավ, թե որտե՞ղ է տեսել ավտորիտարիզմ, պոպուլիզմ, անարխիայի վտանգ Աշոտյանը:

Մեր դիտարկմանը, որ ենթադրվում է, պոպուլիզմ ասելով՝ տեսախցիկները, արագաչափերը ժամանակավոր կանգնեցնելու հայտարարությունը նկատի ունի, դա սոցցանցերում էլ շատ քննադատվեց, ականջահաճո է, բայց խնդրահարույց՝ Լենա Նազարյանն արձագանքեց. «Արագաչափերի հետ կապված խնդիրը մենք վաղուց ենք ասել, որ այդտեղ մենք տեսնում ենք վտանգ: Անարդարացիորեն մարդկանց տուգանում են: Այսինքն, կան իրավիճակներ, երբ իսկապես կարելի է եւ չտուգանել: Իմ կարծիքով, մենք պետք է գտնենք մի այնպիսի տարբերակ, որը հնարավորություն կտա խուսափել այդ անարդար տուգանքներից եւ միեւնույն ժամանակ կարգավորել երթեւեկությունը: Օրինակ, Լեւոն Բարսեղյանն այսօր հետաքրքիր առաջարկ էր ներկայացրել, կարող ենք նաեւ դա քննարկել: Նա առաջարկել էր, որ ճանապարհներին փոքրիկ բլուր կառուցել, որը շատ ավելի էժան ու արդյունավետ է»:

Լենա Նազարյանն ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանն ասել է՝ կարելի է ժամանակավորապես դադարեցնել դրանց աշխատանքը, նա քննարկման համար է դա ասել. «Այստեղ արդեն երեւում է ոչ ավտորիտարիզմը կառավարման: Մարդիկ սկսում են ակտիվ մասնակցել, իրենց դժգոհությունն արտահայտել կամ առաջարկներ ներկայացնել, որեւէ խնդիր չկա վերանայել նախկինում ասածը: Այս պահին դա առաջարկ է եղել, ես վստահ եմ, ինքը հետեւում է քննարկումներին, քննարկումներից հետո ի մի կբերի առաջարկները»:

Լենա Նազարյանն ասաց, որ կառավարությունը շատ ուշադրությամբ հետեւում է բոլոր տեսակի ազդակներին. «Կապը հանրության հետ շատ կարեւոր է, որտե՞ղ է Աշոտյանը ավտորիտարիզմ տեսել, եթե ավտորիտարիզմ լիներ, կասեր՝ այսպես է ու վերջ: Բայց քննարկումներ են լինում, մարդիկ առաջարկներ են անում, ընդունում ենք կամ չենք ընդունում, դրա հիման վրա այլ առաջարկ է հասունանում, մինչեւ գտնվում է խնդրի լուծումը եւ բոլորի մտահոգությունները փարատվում են: Այնպես որ, ավտորիտարիզմի վտանգ չկա, պոպուլիզմի հետ կապված նույնպես համաձայն չեմ, որովհետեւ դա հասունացած խնդիր էր, այնպես չի, որ պարզապես բավարարում ենք ինչ-որ մարդկանց ակնկալիքները եւ իրենց արտոնություններ ենք տալիս: Անարխիայի, քաոսի վտանգ էլ չենք տեսնում, որովհետեւ հիմա ավելի քան մարդիկ միասնական են, ավելի քան պատրաստ են գործել համերաշխության մթնոլորտում: Միայն այն կոչը, որ դադարեցրեք փողոցների փակումը եւ անմիջապես բոլորը ականջալուր եղան եւ բացեցին, այդ միասնական գործելու պատրաստակամությունը մարդկանց մոտ կա: Բոլորն էլ հասկանում են իրավիճակը: Քանի որ այդ խոսակցությունը մարդկանց հետ կա՝ լայվերի միջոցով, մարդկանց հետ կապը չի կտրվում, մենք կարող ենք հեշտությամբ պայմանավորվել մարդկանց հետ, որ այսօր անում ենք սա՝ այս խնդիրը լուծելու համար, եթե կա դժգոհություն, մենք լսում ենք: Բոլորի առաջ է ամեն ինչը տեղի ունենում»:

Ի դեպ, Լենա Նազարյանն ասաց, որ իր՝ «Ելք» խմբակցության ղեկավար լինելու որոշում չկա. «Երկուշաբթի մենք խմբակցության նիստ կանենք, կորոշենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031