«Այդ օրերի անկայուն վիճակը քննություն էր բանկային համակարգի համար եւ այն հաջողությամբ հանձնեցինք»,-այսօր ասաց «Արարատբանկի» վարչության նախագահ, փորձագետ Աշոտ Օսիպյանը՝ Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ:
Պարոն Օսիպյանից հետաքրքրվեցին, թե որքանով է իրատեսական եւ հնարավոր, գյուղացիներին վարկերից գոյացած տույժ-տուգանքների նկատմամբ, այսպես ասած, համաներում հայտարարել, առհասարակ տոկոսադրույքները նվազեցնել, ինչպես որ նախորդ կառավարության նիստում այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Աշոտ Օսիպյանն ասաց, որ ամեն ինչ հնարավոր է. «Սուբսիդիաներ, օրենսդրական, որովհետեւ այդ զիջումները հարկային դաշտում էլ պետք է որոշակի փոփոխություններ կատարել՝ եկամտահարկի եւ շահութահարկի հետ կապված»:
Պարոն Օսիպյանը, սակայն, ասաց, որ ավելի լուրջ խնդիր է գյուղատնտեսության սուբսիդավորումը, որն ամենեւին էլ արդյունավետ չէ. «Պետք է հասկանանք պատճառը, թե ինչու մեր գյուղատնտեսությունը չի կարողանում վարկ սպասարկել: Իսկ ինչո՞ւ մեր գյուղատնտեսությունը չի կարողանում վարկ սպասարկել, որովհետեւ մեր գյուղատնտեսությունը ոչ արդյունավետ է: Որովհետեւ մենք պետք է գնանք, տեսնենք՝ ոնց պետք է զարգացնել գյուղատնտեսությունը»:
Իսկ թե վարկերի տոկոսները կնվազեն, թե ոչ, պարոն Օսիպյանի պատասխանը՝ տեսանյութում:
Տնտեսագետ, փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով, սուբսիդիաներն ընդհանրապես անարդյունավետ են, հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտում: Պարոն Մանուկյանը գյուղատնտեսությունում կարեւորելով կոոպերատիվների դերը՝ ասաց, որ հարկման ռեժիմով կոոպերատիվներին մոտենում են ինչպես ՍՊԸ-ներին. «Պատկերացրեք, մեկը ինքնուրույն գործում է, հիմի թիմ է կազմում եւ նա շատ ավելի վատ հարկային պայմաններում է լինում, քան որ թիմ չէր կազմել, այդ մոտեցումները պետք է վերանայվեն»:
Պարոն Մանուկյանի համոզմամբ, գյուղկրթությանն էլ պետք է առաջնահերթություն տրվի:
Քննարկմանը ներկա տնտեսագետ Վահագն Խաչատրյանը վկայեց, որ Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ինչի արդյունքում եղան նաեւ բարեփոխումներ, Վրաստանը տնտեսական հաջողություններ գրեթե չարձանագրեց:
«Երբ նայում ենք նրանց միջին կենսամակարդակը եւ համեմատում մեզ հետ, ոչ մի տարբերություն չկա: Եվ դրա պատճառներից մեկն այն է, որ նրանք նույն գյուղատնտեսությունն ունեն՝ ինչ որ մենք»: Պարոն Խաչատրյանը հղում անելով ԱՄՆ ՄԶԳ կատարած ուսումնասիրության տվյալներին, ասաց, որ Վրաստանում ամբողջ ազգաբնակչության 45 տոկոսն է զբաղված, Հայաստանում՝ 32 տոկոսը: Նրանք տալիս են ՀՆԱ-ի 10 տոկոսը, Հայաստանի Հանրապետությունը՝ 13 տոկոսը, այսինքն՝ մեզ մոտ ավելի շատ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ