Ինչպես հայտնի է, մայիսի 13-ին մոտ 25 հասարակական կազմակերպություն և հարյուրից ավելի փաստաբան հայտարարություն էին տարածել, որում հույս էին հայտնել, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների շրջանակում կարող է և պետք է ձևավորի մրցութային հանձնաժողով, որը չպետք է օժտված լինի պետաիրավական լիազորություններով: «Այն պետք է իրականացնի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային մրցույթ և Հանրապետության նախագահին ներկայացնի խորհրդատվական կարծիք՝ մրցույթին մասնակցած հավակնորդների վերաբերյալ, որոնցից և ՀՀ նախագահն իր ընտրությամբ լավագույն թեկնածուին կառաջադրի Ազգային ժողովի ընտրությանը: Ազգային ժողովն, իրեն վերապահված լիազորության շրջանակներում, հիմք ընդունելով խորհրդատվական մարմնի եզրակացությունը և Հանրապետության նախագահի առաջադրումը, քննարկման և քվեարկության արդյունքում կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր»,- ասված է մասնագիտական համայնքի հայտարարությունում:
Նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է հիշյալ հայտարարությանը․ «Ելնելով Ազգային ժողովում նախորդ թեկնածուի ներկայացման ժամանակ հնչած առաջարկներից և քննադատությունից, ինչպես նաև այդ հարցով իմ ունեցած բազմաթիվ հանդիպումներից՝ եկել եմ այն եզրահանգման, որ թեկնածություն ներկայացնելիս անհրաժեշտ են հստակ խորհրդակցական մեխանիզմներ և ընթացակարգեր: Կարևորում եմ նաև հավուր պատշաճի քննարկումները իրավաբանական հանրության ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմերի հետ»,- ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված նամակում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին հաղորդում է Aysor.am:
Սա կարևոր հանգրվան է հատկապես այն առումով, որ նախագահ Սարգսյանը նամակում նշել է, որ տեղեկացվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության ընթացակարգերի վերաբերյալ հկ-ների մտահոգությունների և առաջարկների մասին և պատրաստակամ է լսել իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքները:
Գնահատում ենք ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի պատրաստակամությունը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման հարցում առաջնորդվելու ավելի ժողովրդավարական խորհրդակցական ընթացակարգերով։ Մնում ենք լիահույս, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածուների առաջադրումը կիրականացվի մրցութային կարգով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։
Մամուլի հաղորդագրություն