Արտահերթ ընտրությունների հետ կապված այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ մի քանի տարբերակներ ունեն, բայց առայժմ չեն ուզում բացահայտել: Եթե կառավարության ծրագիրը հաստատվի, ինչպե՞ս պետք է արտահերթ ընտրություններ հայտարարվեն՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Գործող Սահմանադրությունը բավականին խնդիրներ է առաջացնում»:
Հարցին՝ նորից պետք է ապավինել ՀՀԿ-ականների ձայների՞ն, որ դեմ քվեարկեն կառավարության ծրագրին, այն տապալեն ու նոր ընտրություններ լինեն՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Դա էլ է տարբերակ»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանն ասել էր, որ եթե չկա գործադիրի ու օրենսդիրի հակադրություն, արտահերթ ընտրությունների իմաստն էլ չկա, հակադրություն այսօր Կոստանյանը չի տեսնում, ուստի մեր հարցին՝ այդ հակադրությունը պետք է արհեստականորե՞ն ստեղծվի, որ լինեն արտահերթ ընտրություններ՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Հիմա կառավարությունը նոր-նոր է սկսել աշխատել, նոր նշանակումներ են, նույնիսկ փոխնախարարների նշանակումները մինչեւ վերջ արված չեն: Այսինքն, կառավարությունը շուտով հունի մեջ կլինի, եւ ես վստահ եմ, որ լիքը հակասություններ են լինելու նախկին կառավարության գործելաոճի, որդեգրած մոտեցումների, ոլորտային օրակարգերի ուղղությունների հետ կապված: Այնպես որ, հիմա է թվում, թե հակասություն չկա, բայց ես վստահ եմ՝ հակասություններ լինելու են: Գուցե մեր բերած օրենսդրական փոփոխությունները այնքան էլ ընդունելի չեն լինելու: Բնականաբար, մենք էլ անհրաժեշտություն ենք ունենալու մեր ծրագրերը առաջ տանել կառավարությունում եւ ինչ-որ պահի այդ հակասությունները շատ ակներեւ են լինելու»:
Մեր հարցին՝ ինչպե՞ս պետք է խուսանավեք այն սցենարից, որ ՀՀԿ-ն ընդունի կառավարության ծրագիրը, դրանով կառավարության ողջ պատասխանատվությունը թողնի Փաշինյանի ու այն ուժերի վրա, որոնք կիսում են պատասխանատվությունը եւ մյուս բոլոր օրենքները տապալելով՝ տապալի կառավարության ողջ գործունեությունը՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Ուրեմն էլի պետք է քաղաքական գործընթացներ սկսվեն, հնարավոր է փողոցում եւ մենք գիտենք արդեն, որ ունենք շատ կարեւոր օրենքներ՝ Ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը, հիմա արդեն իրավապաշտպանները, իրավաբանական հանրությունը քննարկում է եւ առաջարկներ է ներկայացնում դրանց փոփոխությունների հետ կապված: Այդտեղ երեւի արդեն կլինի այդ կիզակետը, հակադրություն արդեն իսկ կդրսեւորվի»:
Հարցին՝ դրանք մինչեւ կառավարության ծրագիրը հաստատե՞լն են բերվելու ԱԺ՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում, կարող է չհասցնենք: Ուզում եմ ասել, որ կդրսեւորվեն այդ հակադրությունները, գուցե էլի փողոցային ընթացք սկսվի քաղաքական՝ արտահերթի պահանջով»:
Մենք նաեւ հարցրեցինք՝ հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանը միտումնավոր սպիտակ թուղթ բերի ԱԺ՝ որպես կառավարության ծրագիր, որ այն տապալվի՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Այդ տարբերակն էլ է ոչ թե քննարկվել, այլ առաջարկվել տարբեր հարթակներից, բայց ես որքան հասկանում եմ, կան պահանջներ, թե ինչպիսին պետք է լինի կառավարության ծրագիրը եւ դա պարզապես թուղթ չի լինի: Այս տարբերակները քննարկվում են ոչ միայն մեր շրջանակում, այլ նույնիսկ ֆեյսբուքում մարդիկ խոսում են դրա մասին: Ճիշտն ասած, մենք դեռ չենք հասել այդ փուլին, որ ամբողջացնենք պատկերը մեզ համար, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«մենք դեռ չենք հասել այդ փուլին, որ ամբողջացնենք պատկերը մեզ համար, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու»… բարի… սակայն կառավարութեան ծրագիրը ներկայացնելու սահմանադրական ժամկէտը այժմ շատ մօտ է, չէ՞…