Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում երեկ առնվազն 5 կրակոց է հնչել․ մանրամասներ երկու հոգու սպանությունից

Մայիս 18,2018 15:47

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր որոշակի մանրամասներ հաղորդեց երեկ Գյումրու Ղուկասյան փողոցում՝ նախկին սրբիչի գործարանի մոտ հնչած կրակոցներից, որի ժամանակ երկու հորեղբոր տղաներ՝ Վարդան Կ-ն և Թելման Կ․-ն հրազենային վնասվածքներ ստանալով՝ մահացել էին։

Նա ասաց, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ն կետի և 235 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք են բերվել հավաստի տվյալներ ենթադրյալ հանցանք կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Նա Գյումրիից է և արդեն մեղադրյալ է։

«Այժմ հետաքննության մարմնի կողմից ձեռնարկվում են բոլոր հետախուզական միջոցառումները՝ նշված անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար»,- ասաց դատախազը։

Նա նաև տեղեկացրեց, որ դեպքի վայրի զննության ժամանակ քննչական խումբը դեպքի վայրից հայտնաբերել է պարկուճներ ու չկրակված փամփուշտ։ Նախնական ուսումնասիրությամբ պարզել են զենքը, դրանք եղել են ինքնաձիգ և «Մակարով» տեսակի հրազեն։

«Շարժառիթը կարող եմ ասել, որ կենցաղային հողի վրա ծագած վիճաբանությունն է եղել, նշված անձինք՝ և՛ տուժող կողմը, և՛ ենթադրյալ հանցանք կատարած անձի միջև նախկինում եղել են խոսակցություններ, և այդ խոսակցությունները հանգեցրել են նշված դեպքին։ Նրանց փոխհարաբերությունները նախկինում եղել են նորմալ, բայց կոնկրետ դեպքի օրը որոշակի առիթի հետ կապված, այժմ չեմ կարող բարձրաձայնել այդ առիթը, վիճաբանություն է տեղի ունեցել, որը հանգեցրել է նշված դեպքին»,- տեղեկացրեց դատախազը։

Նա ասաց, որ սպանված անձանցից մեկը, ըստ գործում առկա տվյալների, նախկինում դատապարտված է եղել սպանություն կատարելու համար։

Կարեն Գաբրիելյանը նաև ասաց, որ 5 կրակոց է հնչել, դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և մեկ չկրակված պարկուճ, որոնք վկայում են, որ այնտեղ աշխատել են առնվազն երկու հրազեններ։ Հրազենային վնասվածքներ ստացած հորեղբոր որդիներին հիվանդանոց են հասցրել ոչ թե շտապօգնության մեքենայով, այլ «Մերսեդես» մակնիշի մեքենայով, որի վարորդը դեռ չի հայտնաբերվել։ Դեպքի ականատեսներից մեկը հարցաքննվել է, իսկ մյուս ականատեսների ինքնությունը պարզելու ու նրանց հարցաքննելու ուղղությամբ կատարվում են աշխատանքներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031