Այսօր ԱԺ-ում լրագրողները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագից՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանից հարցրեցին, թե ինչպես է վերաբերում Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին: Նա ասաց. «Ինչի՞ համար են պահանջում»: Դիտարկմանը, որ քննադատում են, ասում են, որ, օրինակ, ընտրակեղծիքներով է ընտրվել՝ նա նորից հարցին հարցով պատասխանեց՝ «Ո՞վ է ասում»: Լրագրողներն ասացին, որ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ խոսեց այդ մասին՝ աներձագն էլ խորհուրդ տվեց. «Նիկոլ Փաշինյանը թող դիմի համապատասխան մարմիններին, որ տեսնեն՝ ընտրակեղծիքո՞վ է ընտրվել, թե՞ ոչ, հո ասելով չի»:
Մեր հարցին, ըստ ձեզ, կրքերը որ այսքան թեժացել են Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի շուրջ, ինչի՞ արդյունք է, ինչ-որ տեղի՞ց է ուղղորդվում, թե՞ Տարոն Մարգարյանը լավ չի աշխատում՝ մարդիկ դժգոհում են՝ Ռոբերտ Սարգսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ինչի արդյունք է: Ես գիտեմ, որ ինքը իրա գործը շատ լավ է անում, դուք դա տեսնում եք»:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ նա անչափահասներին է ներգրավել ի պաշտպանություն իրեն ցույցերում՝ նա պատասխանեց. «Այսինքն, էն ակցիաներին, որ երեխեք էին մասնակցում, կարելի էր, երեկվա ակցիաներին չէ՞ր կարելի»:
Դիտարկմանը՝ այն համաժողովրդական շարժում էր, դա՞ ինչ էր՝ Ռոբերտ Սարգսյանը պատասխանեց. «Էս էլ էր համաժողովրդական, Տարոնին պաշտպանում էին, որովհետեւ Տարոնին ընտրել էին երեւանցիները, ոչ թե էն ռայոնի ժողովուրդն էին եկել գոռում Տարոն»:
Դիտարկումը, որ այդպիսի կասկածներ էլ կային, որ մարզերի բնակիչներն էին գոռում՝ »մեր քաղաքապետը Տարոնն է»՝ Ռոբերտ Սարգսյանը թողեց անպատասխան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ