Մայիսի 16-ին Եվրոպական խորհրդարանի՝ արտաքին գործերի հարցերով պատասխանատու պատգամավորներն իրենց համաձայնությունը տվեցին ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ հնարավորության ստեղծելով տարբեր ոլորտներում ավելի խորը համագործակցության համար:
ԵՄ-ի ու Հայաստանի միջև նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվեցին 2015 թվականին և ավարտվեցին 2017 թվականին: Այնուհետև, 2017թ.-ի նոյեմբերին այն ստորագրվեց երկու կողմերի կողմից: Վերջնական համաձայնագիրը ԵՄ-ի ու Հայաստանի միջև ամրագրում է առավել խորքային քաղաքական երկխոսություն, ընդլայնում է տնտեսական համագործակցության շրջանակը և նոր հնարավորություններ է տրամադրում էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, առևտրի, կրթության և այլ ոլորտներում ավելի սերտ կապեր հաստատելու համար:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն այս համաձայնագրին իրենց աջակցությունը հայտնեցին 55 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ ձայներով: Այնուամենայնիվ, համաձայնագրի շուրջ վերջնական քվեարկությունը կլինի Ստրասբուրգում՝ 2018թ.-ի հուլիսին:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները նաև ողջունեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ վերջերս տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության և իրավապահ մարմինների ցուցաբերած զսպվածության կապակցությամբ, չնայած խաղաղ ցուցարարների որոշ անհիմն ձերբակալությունների առնչությամբ մտահոգությունների առաջացմանը: Նրանք նաև շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ և ասացին, որ ակնկալում են համագործակցության ընդլայնում:
EU NEIGHBOURS east