Արտակ Զեյնալյանն ուրախ է, բայց ոչ նրա համար, որ նախարար է նշանակվել, այլ որ իրենց կողմից տարիներ շարունակ վեր հանված խնդիրները հնարավորություն կունենա լուծել` ունենալով կառավարության լծակները: Այդ մասին այսօր ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարն ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողովի ժամանակ:
Նորանշանակ նախարարն ասաց`կոռուցիայի դեմ պայքարը վճռական փուլ է մտնում: Համատարած վստահության այս փուլում նա կարեւորում է համարում հասարակության բոլոր շերտերի մասնակցությունը, որ կոռուպցիոն երեւույթների նկատմամբ «0» հանդուրժողականություն դրսեւորվի. «Հեղափոխությունը բոլորիս վարքագծի մեջ պետք է լինի»:
Այլ մանրամասները`տեսանյութում
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանն էլ է ուրախ, բայց հենց նրա համար, որ Արտակ Զեյնալյանն է նշանակվել ՀՀ արդարադատության նախարար, քանի որ նրան բարձր որակի պրոֆեսիոնալ է համարում: Արդի իրավիճակի համատեքստում Թեւան Պողոսյանն ասում է. «Լավագույն հնարավորություն ունենք, որը պետք է օգտագործել եւ թույլ չտալ, որ դուռը փակվի»: Հորդորում է. «Գումար ունեք`ներդրեք, այս երկրում ավելացված արժեք ստեղծեք, բիզնեսով զբաղվեք, ոչ թե մտածեք կաշառք տաք ինչ-որ պաշտոնի անցնելու համար»:
«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանն էլ ասաց`թերեւս առաջարկեն կոռուպցիայի կանխարգելման անկախ մարմնի ստեղծումը`մինչեւ նոր իրողությունների ամրագրումը: Դրա համար 12 օր է մնացել, ըստ օրենսդրության, 50 օրում պետք է ձեւավորվեր, բայց հեղափոխությունն է խանգարել:
Բանախոսը ներկայացրեց Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի արած աշխատանքները, հույս հայտնեց`այն, ինչ չհաջողեցին նախորդ իշխանության օրոք, ավելի արագ եւ հեշտ կանեն գործող իշխանության հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ