Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխությունն ավարտվեց այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը վերցրեց գործադիր իշխանությունը». ազգագրագետ

Մայիս 18,2018 13:50

Ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի տպավորությամբ՝ հեղափոխության արդյունքում ունենք փաստացի երկիշխանություն:

«Մեդիա կենտրոնում» անցկացվող «Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ» թեմայով քննարկմանը պարոն Գաբրիելյանը մանրամասնեց. «Ընդունում եմ, որ եղել է հեղափոխություն, բայց ընդունում եմ, որ այն այլևս ավարտված է: Այն ավարտվեց այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը վերցրեց գործադիր իշխանությունը: Այդ պահից սկսած՝ կարելի է արձանագրել, որ մենք Հայաստանում ունենք փաստացի երկիշխանություն: Տեղի ունեցավ գործադիրի անցումը հեղափոխությանը և գոնե դե յուրե մեծամասնության պահպանումը օրենսդրական դաշտում»:

Մխիթար Գաբրիելյանը չբացառեց, որ այս ամենում կարելի է գտնել ազգային, մշակութային, մենթալային իրողություններ, բայց այդ հարցերի պատասխանները կարող են ստանալ միայն խորքային հետազոտությունների արդյունքում:

Փաստելով ներկայիս իրավիճակը՝ պարոն Գաբրիելյանը նկատեց. «Մենք ունենք կրիտիկական զանգված կոչվածը՝ պայծառ ուսանողություն: Առավել քան համոզված եմ, որ սեփական ընտանիքում չի հանդուրժելու հինգ կամ տասը հազար դրամով ընտրության գնացած ծնողին, տատիկ-պապիկին: Դա արդեն էֆեկտ է. երիտասարդությունը ձևավորում է խնդիրեր և փորձում լուծումներ գտնել»:

Ազգագրագետ Գայանե Շագոյանի նախնական տպավորությամբ՝ սա դժվար արտահանվող մի երևույթ է՝ հենց հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները. «Ես կողմնակից եմ սա անվանել մշակութային հեղափոխություն: Մենք այսօր քաղաքացու վարքի, նոր քաղաքական մշակույթի հիմնադրման, իշխանության նոր ձևաչափի տրամաբանության մեջ ենք: Որքանով կհաջողվի դարձնել գործող համակարգ, որքանով կհաջողվի գործադիր իշխանությանն ավելի շուտ պարտադրել և հետևել այն սկզբունքներին, որոնք հենց սկզբից հայտարարվեցին, դա ժամանակի հարց է; Հեղափոխության հաջող կամ հաղթանակած ավարտը կկարողանանք արձանագրել այն ժամանակ, երբ կունենանք այս ամենն արտացոլված՝ ոչ միայն իշխանության դերակատարությունը փոխելով, այլև համապատասխան օրենսդրություն փոխելով, նոր սահմանադրություն, անկախ դատական համակարգ ներդնելով: Երկիրն առաջ տանելու համար համակարգային փոփոխությունները դեռ տեղի չեն ունեցել: Հուսով եմ հստակ է այն, որ մենք այլևս չենք կարող վերադառնալ մեր՝ մինչև առնվազն ապրիլի 23-ի Հայաստանը»:

Գայանե Շագոյանի համոզմամբ՝ մարդկանց առօրյա վարքագիծն է վկայում այն մասին, որ տեղի է ունեցել նաև հեղափոխություն անհատական մակարդակում: Այս առիթով նա պատմեց, որ օրեր առաջ դասախոսներից մեկը հայտնել է, թե դասի են սկսել գալ այն ուսանողներից, որոնք ամիսներ շարունակ չէին հաճախում: Հարցին՝ ինչո՞ւ է որոշել գալ համալսարան, ուսանողը պատասխանել է՝ այսքան պայքարելուց հետո ամոթ է չգալը:

Հարցինª կարո՞ղ ենք արձանագրել, որ եղավ անհատական մակարդակում հեղափոխություն, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը պատաëխանեց. «Համաձայն եմ, որ կատարվածն ինչ-որ առումով մշակութային հեղափոխություն էր: Ի սկզբանե նպատակադրումն իշխանության զավթումն էր, մեթոդաբանությունը, անհնազանդությունը: Բայց չեն կիրառվել հեղափոխական պայքարի մեթոդներ, այլ կիրառվել են քաղաքացիական պայքարի ուրիշ մեթոդներ. հեղափոխության մեթոդները սովորաբար ավելի կոշտ են լինում: Տեղի ունեցավ իշխանափոխություն, որի գլխավոր դերակատարը երիտասարդությունն էր»:

Գայանե Շագոյանը նշեց, թեև պնդում են, որ հեղափոխություն է տեղի ունեցել նաև անհատական մակարդակում, բայց ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի ցույցերը ցույց տվեցին, որ բավականաչափ լծակներ օգտագործելու պարագայում համակարգը կարող է վերադառնալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031