«Իրավաբանների հայկական ասոցիացիան» դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն`հասկանալու համար իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ Հայաստան ժամանած FBI-ի հակաահաբեկչական բաժնի քննիչներն արդեն իսկ Հայաստանում են և մեր երկրի ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը:
Հիշեցնենք, մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան պետք է ժամաներ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ: Քննիչներն առաջինը պահանջել և հատուկ ուշադրությամբ քննության առարկա են դարձրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի վերջին շաբաթվա տրանսֆերտները, քանի որ վերջին շրջանում լուրջ կապիտալի արտահոսք է նկատվել Հայաստանից և կասկած կա, որ Հայաստանում աշխատած ապօրինի գումարներ են տեղափոխվել Միացյալ Նահանգներ:
Այսօր լրագրողների հետ զրույցում, Կարեն Զադոյանն ասաց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ոչ հերքել, ոչ հաստատել է այդ տեղեկատվությունը: Այժմ, իրենք փորձում են այդ իրավապահ մարմից`FBI, ճշտել տեղեկությունները. «Տեղեկություն ստանաք`կասենք»:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպվել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողով, որի ընթացքում խոսվեց նաեւ կոռուպցիայի հետեւանքով ՀՀ-ին պատճառված ակտիվների վնասի վերականգնման մասին: Լրագրողները հետաքրքրվեցին`կա՞ն թիրախավորված անձինք:
«Դա չի նշանակում թիրախավորել ինչ-որ անձանց: Վենդետաներից պետք է դուրս գալ, ամեն ինչ իրավական ճանապարհով պետք է լինի»,- պատասխանեց Կարեն Զադոյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ