Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրքն ու Հայաստանը

Մայիս 18,2018 13:28

Ի՞նչ պետք է ակնկալի հասարակությանը գրքի հետ կապված 

1.Գիրքը լինի՛, լինի ամեն թիրախի համար, լինի մատչելի։

2.Միջավայրը լինի ինտելեկտուալ, բանիմաց, որպեսզի հայոց լեզվով ցանկացած նորարար կամ նեղ մասնագիտական երևույթի մասին խոսել լինի։

3.Պետությունը, մեր մշակույթը տարածելու հաշվին, հայաստանյան զանազան ոլորտների համար տարբեր պետություններում կարողանա ստանալ հատուկ մթնոլորտ՝ դիվանագիտությունը, անվտանգությունը, բիզնեսը, տարաբնույթ կապերն առաջ տանելու նպատակով։

Ինչ անել

Առաջին հերթին գիրքը պետք է դառնա մրցունակ և պահանջված ապրանք։ Ավելի կոնկրետ՝ գիրքը պետք է լինի արտոնյալ ապրանք։ Գիրք՝ նշանակում է բոլոր գրքերը:

Եվ արտոնյալ չպետք է լինի որևէ կոնկրետ անունով գիրք։

Չպետք է արտոնություն տալ որևէ հրատարակչի կամ հեղինակի: Արտոնություն պետք է ստանա գիրք ապրանքը։

Ամենաարդար արտոնությունն այն է, որ կախված չէ նրանից, թե որ հրատարակիչն է հրատարակել, որ գրողն է գրել, որ թարգմանիչն է թարգմանել: Կախված չէ միջնորդից կամ ներկայացնողից։

Ո՞րն է այդ արդար արտոնությունը, որ կվերաբերի բոլոր գրքերին։ Նախ՝ գրքի հարկը պետք է հանվի, առնվազն՝ նվազեցվի։ Ու ընդհանրապես՝ Հայաստանում հարկային քաղաքականության պատճառով գիրք տպագրելն ավելի թանկ է, քան եթե հայաստանյան հրատարակիչներն այն տպագրեն արտասահմանում, քանի որ գրքի հումքը ներմուծման ժամանակ հարկվում է, իսկ ներմուծված գիրքը՝ ոչ։

Պահանջարկ

Պահանջարկ ձևավորելու համար պետք է լուծել մի քանի խնդիր։

1.Երեխաներին սեփական օրինակով հորդորել գիրք կարդալ։

2.Գրադարանները ձևափոխել մեդիա կամ «սմարթ» կենտրոնների և համալրել գրքերով։ Ընդ որում՝ գրքերն այդ գրադարան-կենտրոններում պետք է լինեն և՛ ավանդական գրքի տեսքով, և՛ ֆիլմ-գրքերով, աուդիո և էլեկտրոնային գրքերով, երգերի և մյուզիքլների տեսքով, ինտերնետային հնարավորություններով և արտասահմանյան հայտնի գրադարանային ֆոնդեր մուտքի հնարավորությամբ։

Հիշենք ու ընդգծենք՝ ամենամատչելի գիրքը գրադարանում է։

3.Անհնարին դարձնել ոչ գիտելիքի կամ հմտության հիմքով աշխատանքի «դասավորվելը»։ Ծանոթ, խնամի, քավոր, սանիկ, քենի, բաջանաղ, դասարանցի, ասպիրանտ հարաբերությունները պետական կամ մեծ կորպորացիաներում աշխատանքի ընդունման համար պետք է արմատախիլ արվեն։

Եթե պահանջարկը կարգավորվում է և գիրք արտադրելը դառնում ավելի մատչելի, այլևս չկա՞ խնդիր, որ հրատարակիչը հրատարակի բազմապիսի և մատչելի գրքեր։

Կա՛։

Պետությունը պետք է սեփական հարկատուի հետ չմրցակցի, այն էլ հենց այդ հարկատուի վճարած հարկերի միջոցով։

Պետությունը չպետք է խաթարի մրցակցությունը՝ ֆինանսավորելով հրատարակել այս կամ այն հրատարակչի/հեղինակի/թարգմանչի գիրքը։

Ցանկացած ոք, ով հնարավորություն ունի որևէ կերպ ազդել պետական քաղաքականության վրա, պարտավոր է իր տիկնոջը, եղբորը, խնամուն, զոքանչին, քավորին, սանահորը ասել, որ գրքի գործով չզբաղվի։

Եթե, օրինակ, ես դառնամ այս իշխանության խորհրդատուն, ուրեմն մինչ այդ պետք է հրաժարվեմ այն բանից, որ այդուհետ պետական բյուջեից անգամ մեկ դրամ գումար մտնի ինձ հետ կապված որևէ ընկերություն՝ խորհրդատվության ամբողջ ընթացքում։ Ես պետք է այդ օրը լիազորագիր գրեմ իմ ընկերությունները հասարակական աուդիտի ենթարկելու համար։

Ի՞նչ արդյունք կունենանք երեք տարուց

Գիրքը կդառնա մրցունակ ապրանք։

Գրադարանները գրախանութների միջոցով, եթե գոնե մեկական գիրք գնեն, ապա կապահովեն գրքի մատչելի լինելը։ Իսկ եթե գիրքը դառնա մատչելի, ապա կավելանան վաճառքները և հրատարակիչը գումար կունենա ավելի շատ գրքեր հրատարակելու համար։

Մթնոլորտը կդառնա գրքային, քանի որ Հայաստանի ղեկավարը և՛ կարդում է, և՛ գրում։ Իսկ հասարակության 80%-ի վարքագիծը պայմանավորված է իշխանության վարքագծով։

Հրատարակիչը կկարողանա գումարներ ուղղել գրողներին նոր գրքեր գրելու և թարգմանիչներին նոր գրքեր թարգմանելու համար։

Որևէ մեկը տուժո՞ւմ է

Այո՛։

Այն մարդը, որ իր մեջ որոշել էր, որ գրող է, սակայն շուկան չի ընդունում նրան։

Երկու դեպք կա՝ գրամոլը և տաղանդը։ Տաղանդավորների գրքերը մենք այսպես թե այնպես հրատարակում ենք և կհրատարակենք, եթե, իհարկե, այլ հրատարակիչ չգտնեն մինչ այդ։ Գրամոլներին ու նրանց մոլորված կամ խորամանկ «փիարշչիկներին» խորհուրդ եմ տալիս այլ գործ գտնել։

Էլ ո՞վ կտուժի։

Եթե կան նման թիրախներ, խնդրում եմ նշել։

Մյուսներս կշահենք:

Մեր հասարակությունը կշահի:

Մեր պետությունը կշահի։

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031