«Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված է հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծումը, դա Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկն է, որը դաշինքը ներառել է իր նախընտրական ծրագրում: Մենք հուսով ենք, որ նոր կառավարությունը պետք է իր նախընտրական ծրագիրը կյանքի կոչի»,- այսօր հայտարարեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպվել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողովը:
Միջոցառման ընթացքում հնչեցին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկները`կոռուպցիայի դեմ պայքարելուն ուղղված: Դրանք են` կոռուպցիայի հետեւանքով ՀՀ-ին պատճառված ակտիվների վնասի վերականգնում, դրանց վերադարձ պետբյուջե, ապօրինի հարստացման դեպքերի շուտափույթ հայտնաբերում`երկրում անպատժելիության մթնոլորտի վերացան համար, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ստեղծում, որը կդառնա ունիվերսալ մարմին, քանզի միջազգային փորձը ցույց է տալիս, որ կոլեգիալ մարմինների աշխատանքն անարդյունավետ է, ոչ բնական մենաշնորհների եւ գերիշխող դիրքի դեմ պայքարի մեխանիզմների ներդրում, քաղաքական կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար ԸՕ-ի, ՀՀ քրեական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխում, կոռուպցիայի կանխարգելման մարմի համալրումը այնպիսի մարդկանցով, ովքեր բարեխիղճ պրոֆեսիոնալներ կլինեն եւ այլն: Այս խնդիրների վերաբերյալ կոալիցիան նաեւ մեխանիզմներ է առաջարկել:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս են պատկերացնում կոռուպցիայի հետեւանքով ՀՀ-ին պատճառված ակտիվների վնասի վերականգնումը, Կարեն Զադոյանը պատասխանեց. «Ակտիվների վերադարձումը հակակոռուպցիոն իրավական ինստիտուտ է, որը հնարավորություն է տալիս թե քրեական, թե քաղաքացիական դատավարության գործիքներ օգտագործելով`վերադարձնել: Առաջին դեպքում ենթադրում է նաեւ քրեական պատասխանատվություն, երկրորդի դեպքում, միայն կոռուպցիայի հետեւանքով գողացված գումարների վերադարձ: Սրանք միջազգային կառուցակարգեր են եւ տարբեր երկրներ օգտվում են: Ինչո՞ւ Հայաստանը չօգտվի»:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը հիշեցրեց`նոր կառավարությունը հայտարարել է, որ վենդետա չի լինելու, ամեն ինչ պետք է արվի օրինականության դաշտում: «Խնդիրն այն է`ինչպե՞ս պետք է ամրապնդենք այն իմիջը, որ Հայաստանում սեփականության ինստիտուտն անսասանելի է: Բայց, միաժամանակ, դրա հետ միասին պետք է ունենաք վստահություն, որ ամեն ինչ արդար եւ ազնիվ է»,- ասաց նա`հավելելով`եթե եղել են դեպքեր, որ իսկապես խնդրահարույց են, պետք է հնարավոր իրավական եղանակներով հարցերին լուծում տալ:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ