Ֆորմալ իմաստով այդ վիճակը նոնսենս է, երբ խորհրդարանական կառավարմամբ համակարգում խորհրդարանը թելադրող չէ: Սակայն Հայաստանը դեռ կարիք ունի կատարել այդ համակարգի անցում: Հայաստանը ներկայումս հեղափոխական անցման փուլում է և այդ տեսանկյունից իրավիճակը զարգանում է բնականոն ընթացքով, որը առերևույթ բավականին ռիսկային ու վտանգավոր է կառավարելիության տեսանկյունից, խորքային առումով, սակայն, առկա գործընթացի տրամաբանության տեսանկյունից ունի գրեթե իդեալական կայունություն և կառավարելիություն:
Նույնիսկ ամբողջ աշխարհն է մատնանշում Հայաստանում տեղի ունեցող հեղափոխության օրինակելի, ոչ բռնի, անցնցում բնույթը: Խնդիրը շատ պարզ է՝ Հայաստանում իրավիճակը կամ մնում էր ՀՀԿ-ի տեսքով իշխող համակարգի ձեռքին և, ըստ այդմ, որևէ փոփոխություն գերազանցապես այդ համակարգի կամքի և անհրաժեշտությունների տիրույթում, կամ այդ համակարգին հեռացնել հնարավոր էր միայն համաժողովրդական լայն ալիքի միջոցով, ոչ բռնի հեղափոխության ճանապարհով, ինչը մեծամասնության համար անսպասելիորեն հաջողվեց իրականացնել Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին:
Դրանից հետո ստեղծված իրավիճակը արտառոց կամ վտանգավոր, ռիսկային է, այսպես ասած՝ դասական չափումների տեսանկյունից, երբ համեմատում ենք կայացած քաղաքական և կառավարման համակարգերում գործող ռեժիմների հետ: Մինչդեռ մեր համեմատության եզրերը պետք է լինեն տարբեր, ըստ այդմ մենք պետք է ելնենք այն իրավիճակից, որ կար Հայաստանում, և որը փոփոխությունների հրամայականը դարձրել էր կենսական, միևնույն ժամանակ, վերևից փոփոխությունների հնարավորությունը և հավանականությունը աստիճանաբար հասցրել գրեթե զրոյի: Թվացյալ, առերևույթ ազդակների և պատկերացումների վրա կառուցված է տպավորությունը կամ մտայնությունը, թե «մինչհեղափոխական» կայունությունը վտանգավոր չէր կամ պակաս վտանգավոր էր, քան «հեղափոխական» կամ «հետհեղափոխական» անկայունությունը:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի