Քիչ առաջ ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին պարզաբանումներ ներկայացնելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի մոտ եկավ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը:
Նա նշեց, թե մոտ 30-40 րոպե առաջ իմացել է, որ այստեղ են գտնվում, թեև մեկնում էր շրջան, բայց իմանալով, որ քաղաքացիները եկել են համապատասխան հարցադրումով, վերադարձել է:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը հարցրեց՝ ինչո՞ւ է Սամվել Բաբայանի գործը վարույթ ընդունելը ձգձգվում և ե՞րբ է Վճռաբեկը պատրաստվում գործը վարույթ ընդունել: Պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ նշված քրեական գործով ստացել ենք երեք վճռաբեկ բողոք, առաջինը մուտքագրվել է ապրիլի 17-ին: Այդ օրը ստացել ենք նաև տվյալ քրեական գործը, որից հետո այլ քրեական բողոքներ ենք ստացել, նաև Սամվել Բաբայանի պաշտպանի կողմից՝ մայիսի 2-ին: Օրենքով սահմանված եռամսյա ժամկետը սկսել է գործել ապրիլի 17-ից»:
Պարոն Թևանյանը հակադարձեց՝ եռամսյա ժամկետում որոշում կայացնելը այսօրվա քաղաքական իրողություններում կհանգեցնի լարվածություն աճի: Նա մտավախություն հայտնեց, որ կարող է գործը ձգվի մինչև վերջ և հետո ասվի, որ թողնում են Վերաքննիչի որոշումն ուժի մեջ: Անդրանիկ Թևանյանը պահանջեց կոնկրետ ժամկետ նշել, թե Սամվել Բաբայանի գործով դատը երբ է լինելու, հակառակ դեպքում ամեն օր ավելի հզոր ցույցեր են իրականացնելու:
Սերժիկ Ավետիսյանը պարզաբանեց. «27 տարի դատական համակարգում եմ: Որևէ ճնշում իմ անձի հետ կապված չի եղել և չի կարող լինել: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի գործի հետ կապված ավելի կարճ ժամկետում հստակ դիրքորոշում արտահայտելուն, օրենքը սահմանել է ժամկետ, քրեական պալատը որևէ անգամ չի փորձել հասնել մինչև եռամսյակը լրանալը: Փորձել ենք ամենակարճ ժամկետում վերանայել և հստակ պատասխան տալ: Դա կապված է գործի բարդությունից, հանգամանքներից: Ռեալ ժամանակ է պետք, որ քրեական պալատի վեց դատավորն ուսումնասիրի գործի նյութերը՝ հարյուրավոր էջեր: Հակառակ դեպքում դուք էլ վաղը կարող եք ասել 10 հատորից բաղկացած քրեական գործը, բողոքները՝ յուրաքանչյուրը 50 էջ, դատական ակտը՝ 100-ից ավելի էջ, ինչպե՞ս հասցրիք ուսումնասիրել և ներկայացնել համապատասխան որոշում»:
Անդրանիկ Թևանյանը պահանջեց ողջամիտ ժամկետ նշել, թե երբ պատրաստ կլինի որոշումը, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Չի կարող պատասխան լինել, գոյություն չունի նման բան, որ ես ասեմ՝ մեկ շաբաթից կամ տասն օրից կարող ենք պատրաստ լինել»: Նա հավաստիացրեց, որ չի կարող ձգձգում լինել և հորդորեց հարգել օրենքը և սպասել ժամկետներին:
Անդրանիկ Թևանյանը կրկին հակադարձեց՝ կարո՞ղ եք պարտավորվել, որ երկուշաբթի օրը կլինի պատասխան, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Երկուշաբթի էլ կարող ենք հավաքվել, երեքշաբթի էլ. պատասխանը լինելու է նույնը, քանի դեռ որոշում չի կայացվել»:
Անդրանիկ Թևանյանը վերջում հայտարարեց. «Արձանագրեցինք, որ դուք ներքին ինքնուրույնություն չունեք, որ գոնե ժամկետներ նշեք: Երկուշաբթի մենք ձեզնից պահանջել ենք մաքսիմալ ժամկետներ»:
Պարոն Ավետիսյանն էլ արձագանքեց. «Ամեն ինչ օրենքով կլինի, ժամկետների մեջ, ուլտիմատումով հանկարծ չլինի»:
Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, թե անկախ ինչ արագությամբ վճիռ կկայացնեն, իրենք յուրաքանչյուր աշխատանքային օր գալու են և տեղեկանալու՝ ինչ կատարվում է: Նաև տեղեկացրեց՝ հաջորդ ակցիան կլինի երկուշաբթի՝ ժամը 11.00-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի առաջ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ