«Իրատեսի» հյուրը օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆՆ է:
-Նախկին զրույցների ընթացքում ասել եք, որ ցանկանում եք ներդրում անել Հայաստանում և ձեռներեցությամբ զբաղվել: Հիմա նպաստավոր չե՞ն պայմաններն այդ նպատակն իրագործելու համար:
-Այո, նպաստավոր են, և ես իմ նպատակը կարող եմ կյանքի կոչել տարբեր ձևերով: Կարծում եմ, որ Հայաստանից հեռացած բոլոր մշակութային գործիչները, որոնք հաջողությունների են հասել դրսում, պարտավոր են վերադառնալ և իրենց փորձառությունը, իրենց հմտությունը փոխանցել հայ երիտասարդներին: Ինչու չէ, նաև ձեռք բերված նյութական բարիքները չթողնել օտար երկրներում, այլ բերել Հայաստան:
-Ի՞նչ եք մտածում հեղափոխության արդյունքում պարտություն կրածների մասին:
-Մտածում եմ, որ հարկավոր է արժանապատվությամբ ընդունել պարտությունը և գիտակցել դրա պատճառները: Ամպրոպը որոտաց, երկինքն ու երկիրը խառնվեցին, մի բան, որին նրանք բնավ չէին սպասում. մենք չենք մոռացել ելույթները, որոնցում մարդիկ հայտարարում էին, թե իրենց դեմ խաղ չկա: Այսպիսի ինքնավստահ հայտարարություններ էին անում՝ մոռանալով, որ կյանքը աստիճան է, մի օր վերևում ես, մի օր ներքևում ես: Սա բոլորը պիտի իմանան: Չիմացողները, թերևս, հեքիաթներ չեն կարդացել մանկության տարիներին: Խորհուրդ կտայի հիմա կարդալ, արժանապատվությամբ ընդունել պարտությունը, գիտակցել գործած սխալները, որոնք բազմաթիվ են եղել: Թող փորձեն պատկերացնել այն վիրավորանքների չափը, որ հասցրել են իրենք ժողովրդին տարբեր ձևերով, տարբեր առիթներով (սկսած զոհված զինվորների սևազգեստ մայրերին ասֆալտի վրա քարշ տալուց մինչև «Նաիրիտի» չվճարված աշխատավարձեր, իրենց բնակարաններից ապօրինի վռնդված քաղաքացիներ, շատ այլ բաներ) և իրենց սև մեքենաների պատուհաններից մի փոքր այլ կերպ տեսնել աշխարհն ու դասեր քաղել: Եվ անպայման ասեմ, որ ինչպես տարիներ շարունակ արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը նախկին իշխանությունների հանդեպ, քննադատել նրանց թերությունները, նույն կերպ էլ հիմա եմ վարվելու, եթե տեսնեմ թերություններ նորընտիր կառավարության աշխատանքում: Ես այդ ձևով պատրաստ եմ օգնելու նոր ղեկավարներին շարունակելու իրենց որդեգրած կառավարման ուղին, որ մենք կրկին սխալներ թույլ չտանք:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում