Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին. «Դա սարսափելի քայլ էր»

Մայիս 18,2018 11:43

Aravot.am-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մեր երկիրն այս տարի ներկայացված չէ Կաննի կինոշուկայում:

«Դա մերժվել էր Կինոկենտրոնի տնօրենի կողմից, մեր պատվիրակությունը ինքը չի ցանկացել ներկայացնել»,-ասաց Արսեն Բաղդասարյանը: Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են եղել մերժման հիմքերը:

«Ես չեմ կարող համաձայնել իր հիմքերի հետ, օրինակ՝ դա այն է, որ գտնվել ենք խառը վիճակում, ծրագիրն իր կարծիքով անհրաժեշտ չէր եւ այդ պատճառով պատվիրակություն չի եղել»,-ասաց ֆիլմ հանձնակատարը:

Ապա հավելեց. «Իմ կարծիքով, դա սարսափելի սխալ քայլ էր, ժամանակի խնդիր, որ պետք է լուծվի: Մենք արդեն համաշխարհային շուկայում Հայաստանն ենք ներկայացնում, մանավանդ այս բոլոր դեպքերը, որ եղան, լավ PR կարող էին լինել մեզ համար, սակայն մենք չկարողացանք ճիշտ օգտագործել ու մեզ ճիշտ ներկայացնել»:

Ի դեպ, լրագրող, կինոքննադատ Կարեն Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում Կաննից գրառում էր կատարել եւ տեսանյութ հրապարակել, ինչը բուռն քննարկում է առաջացրել:

«Եռակի օսկարակիր Էմանուել Լյուբեցկու սարսափազդու երազի ոճում նկարահանված այս հոլովակը կոչված է պատկերելու փեթակի սառնարանի վրայի տիպ-լոգոյի տեսքով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչա-խորհրդանշական առումով միակ ներկայությունը Կաննի 71-րդ կինոփառատոնի միջազգայի կինոշուկայում (չշփոթել բուն փառատոնի հետ, որտեղ ներկայության մասին առայժմ խոսք էլ չի կարող գնալ):

Մի կողմ դնելով, ինչ խոսք՝ ոչ ուրախալի փաստը, որ Կաննի կինոշուկայի Բրիտանիկայի հաստության կատալոգում պաշտոնական Հայաստանը տողով անգամ նշված չէր, այնուամենայնիվ քյոռ-քյոռ խարխափելով անցնենք կինոշուկայի ներսը, որտեղ բախվում ենք էլ ավելի ամոթալի փաստի, որը մեր ականջին հեգնանքով շշնջում է՝ «Ազիզ ջան, այս տարի Կաննի կինոշուկայում Հայաստանը տաղավար չունի»՛:

Իսկ այս «տաղավար» կոչվածն էլ, որ տեսնում եք, բայց ավելի լավ կլինի չտեսնելու տայիք՝ Հայաստանինը չէ, այլ մի սփյուռքահայ անհատի, որն այս ամբողջ՝ առանց այն էլ մի թիքյա տաղավարի 1/3-ը (մի կես մետր քառակուսի) տվել է 3 հայ ռեժիսորների, մինչդեռ այդ երեքը՝ Արտյոմ Բաղդասարյանը, Ելենա Արշակյանը և Մերի Աղախանյանը պաշտոնապես հաղթել էին կազմակերպված հայաստանյան մրցույթում և ժամանել էին Կաննի կինոշուկա Հա-յաս-տանը #դուխով ներկայացնելու»,- իր էջում գրել է Կարեն Ավետիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Հավելենք, որ անցյալ տարի եւս Կաննի կինոշուկայում տապալում ենք ունեցել, որի մասին հետաքննություն էր հրապարակել «Հետքը»:

Թեմայի վերաբերյալ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի եւ կինոյի մարդկանց տեսակետները՝ հաջորդիվ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031