Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցի խոսքերով՝ համաներման անհրաժեշտությունը կա վաղուց, քանի որ տևական ժամանակ է՝ համաներում չի եղել։ «Համաներումը ընկալելի կլինի հենց այս հեղափոխության համերաշխության, փոխադարձ հարգանքի կոնտեքստում։ Այսօր իսկապես կան խնդիրներ, որոնք ավելի հեշտ կլիներ համաներման ճանապարհով լուծել։ Որոշ անձանց կարելի է ներում շնորհել, բայց դրա համար առանձին դիմում է պետք դատապարտյալի կողմից։ Մինչդեռ համաներումը հնարավորություն է՝ առանց դատապարտյալի դիմումի նրան ազատ արձակելու խնդիրը լուծել, գոնե մի հատվածի համար։ Բայց ես ուրախ կլինեմ, որ համաներման մեջ անդրադարձ լինեն նաև առանձին գործեր։ Օրինակ՝ առանձին կետով անդրադառնալ Շանթ Հարությունյանի և ընկերների գործին։ Իսկապես իրավիճակ է փոխվել։ Պետք է մարդկանց թույլ տալ վերադառնալ կյանք, իրենց ընտանիքներ»,- ասաց տիկին Կարապետյանցը։
Ինչ վերաբերում է համաներման միջոցով քաղբանտարկյալների խնդրին լուծում տալուն, ապա իրավապաշտպանի խոսքերով՝ եթե համաներում լինի, ապա դա կվերաբերի միայն նրանց, ովքեր ունեն արդեն ուժի մեջ մտած դատավճիռ։ Իսկ նրանք, որոնց գործերը գտնվում են նախաքննության կամ դատաքննության փուլում, ապա նրանց չի վերաբերի և պետք է հուսալ, որ նորմալ դատաքննություն կիրականացվի, արդարադատություն կլինի, որի ընթացքում կփոփոխվեն նաև քաղբանտարկյալների խափանման միջոցները։ «Դա կլինի լավագույն տարբերակը։ Ես չէի ուզենա, որ ներկայիս գործադիր իշխանությունը լծակներ օգտագործեր դատական իշխանության վրա, քաղբանտարկյալների մասով հանձնարարական տար։ Ես չէի ուզենա, որ կրկնվեր այն պատմությունը, որը տարիներ շարունակ եղել է»,- ասաց իրավապաշտպանը։
Սոնա Հարությունյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում