«Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն Սամվել Բաբայանին», «Բաբայան-Բաբայան», «Ամոթ», «Ազատություն Ժիրայր Սեֆիլյանին». այս կոչերով մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից բողոքի գործողություններ սկսեցին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ: Այնուհետև նրանք շարժվեցին դեպի ՀՀ վճռաբեկ դատարանի շենք:
Շենքի մուտքի առաջ պառկելով՝ իր բողոքի գործողությունն իրականացրեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Բողոքի գործողություններ իրականացնողների շարքում են «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ազատամարտիկներ:
Պարոն Թևանյանը վստահեցրեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն առանց քաղբանտարկյալների ազատ արձակման չեն կարող լեգիտիմ համարվել. «Մինչև չլինի ԸՕ փոփոխություն, արտահերթ ընտրություններ անցկացվել չեն կարող: Ամենակարևորներից է այն, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններն անպայման վերանայվի օրենսդրական դաշտը, որ սուպերվարչապետական լիազորություններ է տվել վարչապետին»:
Պարոն Թևանյանն ասաց, որ եթե հանկարծ վճռաբեկ դատարանը որոշում կայացնի չընդունել Սամվել Բաբայանի գործը վարույթ և ուժի մեջ թողնի Վերաքննիչի որոշումը, այդ գործի իրավական ճանապարհը կավարտվի: Նաև հավելեց, թե չի կասկածում, որ այս կառավարությունը ցանկություն ունի ազատել բոլոր քաղբանտարկյալներին. «Ունենք իշխանության գլուխ, բայց մարմին չունենք, քանի որ դատական համակարգը գտնվում է նախկին ռեժիմի ազդեցության տակ: Դատախազությունն այն միջնորդ գործիքն է, որն ազդում է դատավորների վրա: Կառավարության գործունեության սաբոտաժի ենթարկելու գլխավոր գործիքներից է այն, որ գլխավոր դատախազը հայտարարում է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ