Տեղի ունեցած հեղափոխության պատճառներից մեկն այն էր, որ իշխանությունը ջախջախիչ պարտություն էր կրել քարոզչական պատերազմում: Բացահայտվեց, որ քարոզչության պատասխանատուները անհուսալիորեն հետ էին մնացել կյանքից եւ գտնվում էին 1970-ականներին ձեւավորված կարծրատիպերի ազդեցության տակ: Բերեմ մի պարզ օրինակ:
Նախագահի 10 րոպեանոց ելույթները, որոնք Բաղրամյան 26-ից պարտադրում էին ամբողջությամբ ցույց տալ բոլոր հեռուստաընկերություններին, ունեին ոչ թե զրոյական, այլ բացասական քարոզչական էֆեկտ: Պաշտոնական քարոզիչներին թվում էր, թե այդպիսով քաղաքացիները, որոնք դիտում են նման ելույթներն ու ռեպորտաժները, կսկսեն սիրել իշխանություններին եւ գնահատել նրանց կատարած աշխատանքը: Բայց ազդեցությունը ճիշտ հակառակն էր՝ անկախ նրանից, թե որքանով ճիշտ կամ սխալ բաներ էին ասվում այդ ելույթներում կամ ռեպորտաժներում, մարդիկ ավելի շատ էին զայրանում եւ լցվում ատելությամբ: Պատճառը շատ պարզ է՝ դա, կներեք օտար բառի համար, «օբյազալովկա» էր՝ ամբողջ երեկո 6-7 հեռուստաալիքներով նույն բաները «ֆռռացնելը» իրական բրեժնեւյան լճացման տպավորություն է ստեղծում:
Եվ հակառակը՝ ֆեյսբուքյան ցանկացած ստատուս, որտեղ խոսվում էր նախագահի եղբոր՝ բոլոր խոշոր բիզնեսների մեջ 50 տոկոսով մտնելու վերաբերյալ, ուներ հսկայական քարոզչական էֆեկտ: Չնայած այդ պնդումը խիստ չափազանցված է, դրան գրեթե բոլորը հավատում էին: Համացանցում նման «ստատուսը» կամ նման մեկնաբանությունն արժանանում է բուռն հավանության այն պատճառով, որ այն ինքնաբուխ է, պարտադրված չէ, արտացոլում է հասարակական տրամադրությունները: Իսկ գլոբալ պատճառն այն է, որ Հայաստանում համացանցին մարդիկ ավելի շատ են հավատում, քան հեռուստատեսությանը՝ հիմա ցանկացած մարդ եւ ցանկացած կայք կարող է ազատորեն ուղիղ եթեր մտնել ու ցույց տալ իրեն եւ ուրիշներին հետաքրքրող իրադարձությունը: Դա ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, բայց այս թեմայի համատեքստում կարեւոր է այլ բան՝ պաշտոնական քարոզիչները չէին ընկալել այս փոխված իրավիճակը, նրանց թվում էր, որ «ճզմելով» հեռուստաընկերությունները եւ պարտադրելով բրեժնեւյան ոճի քարոզչություն՝ նրանք ամրապնդում են իշխանությունը:
Հիմա էլ Փաշինյանն է շատ երեւում եթերում: Բայց ոչ ոք չի պարտադրում նրան ցույց տալ՝ վարչապետին ցույց են տալիս, որովհետեւ դա հեռուստադիտողներին հետաքրքրում է: Իսկ հետաքրքրում է այն պատճառով, որ իսկապես նա վարչապետ է դարձել ժողովրդի կամքով:
Բայց եթե մեկ կամ երկու ամիս հետո Բաղրամյան 26-ից զանգեն որեւէ հեռուստաընկերություն եւ ասեն, որ Շարմազանովին չի կարելի կանչել եթեր, եւ պարտադիր եթեր պետք է գա որեւէ մեկն իշխանությունից, դա կնշանակի, որ ոչինչ չի փոխվել: Հուսամ՝ այդպես չի լինի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ընդդիմությունն նույնքան անհրաժեշտ է, ինչքան իշխանությունը, ասա ինչ մակարդակի է քո իշխանությունը, կասեմ ինչ մակարդակի է քո ընդդիմությունը: Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է հստակ ձեւակերպեն, քննարկեն, վիճաբանեն ու միաձայն ընդունեն բոլոր ռազմավարական որոշումները: Իշխանության ու ընդդիմության տարբերությունը պետք է լինի միայն միաձայն ընդունված ռազմավարական որոշումների իրագործման մարտավարությունը, կարճ ասած, իշխանությունը այն է, որի մարտավարությունը հաղթում է ընտրությունների ժամանակ ու պարտադիր է բոլորի համար: Դրա համար քաղաքացուն պետք է այնքան գրագետ ու փորձառու դարձնել ռազմավարական ու մարտավարական հարցերում, որ ճիշտ ընտրություն կատարի ընտրությունների ժամանակ: Անգրագետ քաղաքացին նույնքան վտանգավոր է, ինչ անգրագետ, բայց մասնագետի կոչում ստացած ՝մասնագետը՝, տարիքը քիչ է, ընտրող լինելու համար, գոնե միամսյա դասընթացներ պետք է լինեն, իսկ ավելի ճիշտ կլինի մանկապարտեզից դաստիարակել ու սովորեցնել:
Դոնալդ Թրամփն ել անդադար, 24/7, ցոյց են տալիս ամէն կողմ, նրա նուազագոյն խօսքերն անգամ սփռում են, ամէն մի շարժումը զննում, ցուցադրում եւ ժամերով քննարկում են, ամէն կողմ, հանրային որեւէ գետնի վրայ որ կարելի է երեւակայել… դաժան բան է խոշորացոյցի տեւական ուշադրութեան ներքոյ լինելը, գործելը… սակայն այս over-exposure-ն ալ քաղաքականօրէն կենսական է, Հայաստանի նոր վարչապետին համար. այստեղ ալ ուրեմն իրեն համար մի այլ հիմնական dilemma…
զզվելի անհեթեթություն էր, երն նախագահը պարգեւատրում էր որեւէ մեկին կամ ցավակցում որեւէ մեկի մահվանը, էկրանին ոչ թե պարգեւատրվողի կամ մահացածի նկարն էր, այլ՝ նախագահի, կարծես ինքն էր պարգեւատրվողը կամ մահացածը