Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներո՞ւմ, թե՞ ներում

Մայիս 18,2018 14:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ օրն անդրադառնալով «Սասնա ծռերի» գործին՝ ակնարկեց մի քանի իրավական գործիքակազմերի մասին, որոնք հնարավոր է կիրառվեն քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների հարցում:
Խոսք գնաց համաներման եւ ներման ինստիտուտների մասին: Շատերը չեն տարբերակում այդ ինստիտուտների տարբերությունը:

Զրուցակիցս` ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Գեւորգ Գյոզալյանը, այս կապակցությամբ հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 135-րդ հոդվածին՝ տեղեկացրեց, որ համաձայն նշյալ հոդվածի՝ հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը։

«Ներման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ներումը մարդասիրական դրսեւորում է, որի միջոցով Հայաստանի Հանրապետության նախագահը այդ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հանցագործության համար դատապարտված անձին կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից կամ պատժի չկրած մասը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ներման խնդրագիրը գրավոր դիմումն է, որը ներկայացնում է հանցագործության համար դատապարտված անձը։

Այսինքն՝ ըստ փաստաբանի, ներման համար անհրաժեշտ պայման է, որ 1) անձը դատապարտված լինի համապատասխան դատարանի կողմից, եւ այդ դատավճիռը մտած լինի օրինական ուժի մեջ, եւ 2) դատապարտված անձը գրավոր ձեւով դիմի իրեն ներում շնորհելու խնդրանքով։

Իսկ ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը, կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք։

«Սա նշանակում է, որ համաներումն իրականացվում է բացառապես ԱԺ-ի կողմից կոնկրետ օրենք ընդունելով, որում հստակ սահմանվում են այն չափանիշները, ըստ որի՝ դատապարտված անձինք կարող են ազատվել պատժի կրումից»,- նշեց փաստաբանը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

17.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031