Հեղափոխական Հայաստանն ու Մոսկվայի հավասարակշռված դիրքորոշումը
Հայաստանի արտաքին քաղաքականության առնչությամբ վերջին մի քանի օրերը բավական հագեցած էին իրադարձություններով: Հայաստանի նոր կառավարությանը միջազգային հանրության կողմից բավական ուղերձներ են հղվել հարաբերություններն էլ ավելի խորացնելու նպատակով:
Նախ` անդրադառնանք, սակայն, հայ-ռուսական հարաբերություններին, Փաշինյան-Պուտին հանդիպմանը: Մայիսի 14-ին Սոչիում Եվրասիական տնտեսական միության բարձր խորհրդի նիստի թերեւս ամենակարեւոր իրադարձությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն էր։
Ակնհայտորեն, Փաշինյանը վարչապետության պաշտոնը ստանձնելուց հետո եւ դրանից առաջ ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանում առկա մտահոգությունները, հարցականները հօդս ցնդեն: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Հայաստանի նոր կառավարությունը ոչ միայն չի շեղի արտաքին քաղաքական կուրսը, այլեւ հակված է էլ ավելի արդյունավետ դարձնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները, հարցազրույցներում հիմնական մեխը հենց այսպիսի շեշտադրումներով էին:
Դեռ մինչեւ Սոչիի հանդիպումը ՌԴ-ից արդեն հուսադրող ուղերձներ էին հնչում: Նախ` մայիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջինն էր, որը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով. «Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջեւ բարեկամական, միութենական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, Անկախ պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործունեության ամրապնդմանը»:
Ապա կայացել էր Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ նշվում էր. «Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման եւ ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ»: Այս հեռախոսազրույցի մասին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ ուշագրավ մի դիտարկում անելով. «Մենք շնորհավորանքներ փոխանակեցինք եւ քննարկեցինք մի շարք ընթացիկ հարցեր։ Պայմանավորվեցինք քննարկումը շարունակել Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում: Ես ՌԴ նախագահին շնորհակալություն հայտնեցի Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշման համար»։
Հետագայում Հայաստանի ներքաղաքական ճգնաժամում ՌԴ-ի հավասարակշռված դիրքորոշման մասին Փաշինյանը շեշտեց ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, ապա՝ Պուտինի հետ հանդիպմանը:
Ահա Ռուսաստանը եւ Հայաստանի ԵԱՏՄ-ական գործընկերները գրկաբաց ընդունեցին Հայաստանի նոր վարչապետին Սոչիում: Ալիեւի բարեկամ՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ու Փաշինյանի ջերմ լուսանկարներն էլ փաստում էին, որ հանդիպումն անկաշկանդ է եղել: Փաշինյանին ողջագուրվելուց հետո Լուկաշենկոն բաց չէր թողնում Փաշինյանի ձեռքերը: Նա շնորհավորել էր վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նշելով. «Ապրեք դուք: Շնորհավորում եմ այն կապակցությամբ, որ բավականին արժանապատիվ եւ ճիշտ կերպով դուրս եկաք այդ իրավիճակից: Մենք ուրախ ենք ձեզ համար»:
Հիշեցնենք, որ մինչ Սոչիի հանդիպումը Փաշինյանին շնորհավորական ուղերձ էր հղել Դմիտրի Մեդվեդեւը՝ վստահություն հայտնելով, որ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, համատեղ խոշոր ծրագրերի իրագործումը, ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումը ԵԱՏՄ շրջանակներում լիովին բխում են Հայաստանի ու Ռուսաստանի շահերից: Իսկ Փաշինյանը ՌԴ կառավարության ղեկավար նշանակվելու կապակցությամբ Մեդվեդեւի շնորհավորական ուղերձում նշել էր. «Ձեր նշանակումը անկասկած վկայում է այն մասին, որ Ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը պահանջված է: ՀՀ նոր կառավարությունը վճռական է բոլոր ոլորտներում հայ-ռուսական երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացմանը: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցության բոլոր մակարդակներում իր նպաստը կբերի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման գործին»:
Վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելու առիթով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն էլ հույս էր հայտնել, որ կազմակերպությունը կշարունակի ինտենսիվ համագործակցությունը հանրապետության հետ. «Ինտենսիվ համագործակցության շարունակում եմ ակնկալում ՀԱՊԿ-ի ամրապնդման, նրա առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ կազմակերպության անդամ բոլոր պետությունների օրինական շահերի հաշվառմամբ»: Նա վստահություն էր հայտնել, թե «քաղաքական փորձը եւ համաժողովրդական աջակցությունը» թույլ կտան Հայաստանի կառավարությանն ամենակարճ ժամանակում իրականացնել հայտարարված բարեփոխումները:
Ռուսական «նրբանկատություն»՝ Սոչիի հանդիպումից առաջ
Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Միխայիլ Լեոնտեւի եւ հաղորդավար Միխայիլ Յուրեւի աղմկահարույց վիրավորական մեկնաբանությունները Հայաստանի հասցեին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ, ողջ այդ թոհուբոհը ուշագրավ հանգուցալուծում ստացավ: Պարզվեց՝ Կրեմլում անհաջող եւ անտեղի են համարում Լեոնտեւի հայտարարությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ այդ հայտարարությունը չունի եւ չի կարող ունենալ ոչ մի ընդհանուր բան Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ. «Այն նաեւ ընդհանուր ոչ մի բան չունի եւ չի կարող ունենալ բարեկամության եւ եղբայրության այն ջերմ զգացումների հետ, որոնք պատմականորեն տածում է Ռուսաստանը հայ ժողովրդի նկատմամբ»:
Սա դեռ ամենը չէ: Ռուսական կողմն ակնհայտորեն ցանկանում էր ցույց տալ, որ մեղմում է շիկացած մթնոլորտը: «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտեւը Նիկոլ Փաշինյանին հղված նամակով ներողություն էր խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար: ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը, պատասխանել էին. «Այո, Միխայիլ Լեոնտեւը գրավոր նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներողություն խնդրելով իր չափազանց զգացմունքային եւ ոչ պատշաճ մեկնաբանության համար՝ ընդունելով, որ քաղաքական հայացքների տարակարծությունը որեւէ կերպ չի կարող արդարացնել արտահայտությունների մեջ իր կտրուկ եւ կոպիտ լինելը: Նա նաեւ ընդգծել է, որ մեկնաբանության անհարկի զգացմունքայնությունը բխել է բացառապես Հայաստանի ճակատագրի վերաբերյալ նրա մտահոգություններով, որին նա համարում է Ռուսաստանի մտերիմ պատմական դաշնակից: Նա հավաստիացրել է, որ տարաբնույթ հաղորդումներում իր մեկնաբանությունները որեւէ կերպ չեն առնչվում «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ, եւ հույս է հայտնել, որ իր անշրջահայաց պահվածքը որեւէ կերպ չի անդրադառնա «Ռոսնեֆտ»-ի եւ Հայաստանի միջեւ դրական համագործակցության վրա»:
Փաշինյանը Սոչիում «բարձրացրել է ՀՀ-ին հուզող բոլոր հարցերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շատ արդյունավետ» է գնահատել Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպումը: «Ազատության» հետ զրույցում Փաշինյանը հայտնել է, որ Սոչիի բոլոր հանդիպումների ժամանակ «բարձրացրել է Հայաստանին հուզող բոլոր հարցերը»՝ ներառյալ Ադրբեջանին սպառազինության մատակարարման հարցը. «Ամենալայն շրջանակ է քննարկվել հարցերի, եւ շատ արդյունավետ հանդիպում էր»: Հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հարցը, նա պատասխանել է. «Ընդհանուր քննարկում է տեղի ունեցել, շատ չենք կոնկրետացել»։ Անդրադառնալով Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին՝ Փաշինյանն ասել էր. «Հետաքրքիր էր: Հետաքրքիր ֆորմատ է»: Իսկ հարցին, թե արդյոք Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը արծարծվե՞լ են զենքի, Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ կապված հարցեր, Փաշինյանը պատասխանել է. «Այո, բոլոր հնարավոր հարցերը մեզ հուզող բարձրացվել են բոլոր հանդիպումներում»:
Թրամփն անհամբերությամբ է սպասում ՀՀ-ի հետ համագործակցությանը
Նիկոլ Փաշինյանին եւ նրա ձեւավորած կառավարությանը շնորհավորական ուղերձներ էին հղում նաեւ Արեւմուտքից՝ շեշտելով Հայաստանի հետ հարաբերությունները: Պաշտոնական Վաշինգտոնը շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով դեռ օրեր առաջ: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը մասնավորապես նշել էր. «Անհամբեր սպասում ենք Հայաստանի նոր կառավարության եւ ժողովրդի հետ սերտորեն աշխատելուն երկու երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում՝ ներառյալ աճող առեւտուրը, աշխատանքը՝ ի պաշտպանություն ժողովրդավարության եւ օրենքի իշխանության եւ տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության պահպանումը»,- ասված էր Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Իսկ մայիսի 15-ին հրապարակվեց Դոնալդ Թրամփի ուղերձը, որում ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն՝ Թրամփը, մասնավորապես, նշել էր. «Անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում` առեւտրի, ժողովրդավարական ինստիտուտների եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում: Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին եւ կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան»:
ԵՄ-ն ծայրաստիճան կարեւորում է երկխոսությունը Հայաստանի բոլոր շահագրգիռ քաղաքական կողմերի միջեւ
Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հետ: ԵՄ բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի եւ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի համատեղ հայտարարությունը տարածվեց ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու օրը: Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել նրա եւ նրա կառավարության հետ 2017թ. նոյեմբերին ստորագրված Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման ուղղությամբ՝ էլ ավելի ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ բարեկեցիկ եւ դիմակայուն երկիր ստեղծելու նպատակով՝ ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների: «Այս կարեւոր նպատակների իրականացման գործում շարունակում է ծայրաստիճան կարեւոր մնալ համապարփակ երկխոսությունը Հայաստանի բոլոր շահագրգիռ քաղաքական կողմերի միջեւ՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ»,- ասվում էր հայտարարության մեջ:
ԵԽ-ն պատրաստ է լրացուցիչ օգնություն տրամադրել ՀՀ-ին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թոբյորն Յագլանդը, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով, նշել էր. «Հայաստանի խորհրդարանի այսօրվա որոշումը ցույց է տալիս, որ մեր կազմակերպության օգնությամբ իրականացվող սահմանադրական բարեփոխումը սկսվել է կյանքի կոչվել։ Այս գործընթացը պետք է շարունակվի հայ ժողովրդի ցանկությանը համապատասխան»: Յագլանդի խոսքով՝ ԵԽ-ն պատրաստ է ցանկացած լրացուցիչ օգնություն տրամադրել Հայաստանի իշխանություններին այս կարեւոր գործընթացում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վրա։
Հավելենք, որ Հայաստանի վարչապետին եւ նոր կառավարությանը շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ անդամ երկրների, նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի, Չեխիայի, Լիտվայի, Էստոնիայի վարչապետները, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 17.05.2018