Գրիգորի Նադիրյանի երեք հատորանոց գործը վարչական վերաքննիչ դատարանում ըստ էության ավարտվել է: Նա հայցադիմում էր ներկայացրել դատարան, խնդրելով պարտավորեցնել ՀՀ դատախազությանը եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ իրեն տրամադրելու 2015թ. մայիսի 6-ի եւ 2015թ. մայիսի 8-ի դիմումներով նրանցից պահանջված տեղեկատվությունները:
Գրիգորի Նադիրյանի հայցը վարչական դատարանը բավարարել էր մասնակի, եւ
պարտավորեցրել էր ՀՀ դատախազությանը հայցվորին տրամադրել երեք տարի առաջ պահանջված տեղեկատվությունը, իսկ ահա ՊՆ-ից տեղեկատվություն ստանալու պահանջը մերժվել էր:
Ի դեպ, հայցվորը մինչեւ 2013թ. նոյեմբերի 15-ը գտնվել է զինվորական ծառայության մեջ, որպես ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրթիռահրետանային սպառազինության պետ: ՀՀ զինված ուժերի շտաբի պետի հրամանով նա գտնվում է կադրերի տրամադրության տակ:
Հայցվորը մինչեւ կադրերի տրամադրության տակ թողնվելը, ծառայության ընթացքում, երկու զորամասերի տարբեր ստորաբաժանումներում իր կողմից հայտնաբերված զենք-զինամթերքի հաշվառման եւ բացթողնման սահմանված կարգի բազմաթիվ խախտումների, վատնումների եւ չարաշահումների վերաբերյալ մանրամասն զեկուցագրեր է ներկայացրել զորամասի շարային մաս, սակայն շարային մասի պետ, մայոր Նորայր Մելքոնյանի եւ աշխատակից, լեյտենանտ Լյուսիկ Պետոյանի կողմից, առանց հիմնավոր պատճառաբանությունների, սահմանված կարգով չեն ընդունվել եւ հաշվառվել իր ծառայողական զեկուցագրերը:
Հայցվորը վիճաբանել է շարային մասի նշված աշխատակիցների հետ, իսկ Ն. Մելքոնյանը երբ հանդիպել է զորամասում, ասել է, թե վիճաբանության մասին տեղեկացրել են զինվորական դատախազությունում, շարային մասի ծառայողներին հրավիրել են դատախազություն. «ինչ-որ գործողություններ կատարել»:
Հայցվոր զինվորականը ցանկացել է պարզել եղած տեղեկատվության արժանահավատությունն ու իսկությունը, եւ իր իսկ հայցի համաձայն, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1-ին հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 10-րդ, 12-րդ հոդվածների պահանջները վկայակոչելով, դիմել է ՀՀ զինվորական դատախազին եւ ՀՀ պաշտպանության նախարարին, խնդրել է օրենքով սահմանված կարգով եւ ժամանակով պատասխանել:
2015թ. մայիսի 22-ին Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Ա. Ամիրյանի ստորագրությամբ ստացվել է գրություն, որի բովանդակությունը, հայցվորի գնահատմամբ. «որեւէ առնչություն չունի իր կողմից հայցվող տեղեկատվության հետ»:
Այդ գրության կապակցությամբ, նա բողոք է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազին, բողոք-հիշեցումներ է ուղարկել ՀՀ զինվորական դատախազին, ՀՀ պաշտպանության նախարարին, խնդրել «ըստ էության պատասխանել իր դիմում-հարցումներին եւ տալ կամ մերժել հայցվող տեղեկատվությունը»:
ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը որեւէ պատասխան չի ուղարկել:
«Գտնում եմ, որ ՀՀ զինվորական դատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից այդ կերպ տեղեկատվության չտրամադրելու գործողությամբ եւ անգործությամբ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված իր տեղեկատվություն ստանալու իրավունքը»,-դատարանին հայտնել էր հայցվոր զինվորականը:
Ի դեպ, սա այն հազվադեպ հանդիպող հայցադիմումներից է, որտեղ հանգամանորեն նշված էր տեղեկություն ստանալու անձի իրավունքների մասին, օրենքից ակտիվ հղումներ կային, այն, ըստ հայցվորի, հանդիսանում է սահմանադրական հիմնարար իրավունք, հետեւաբար եւ պետական մարմինները, այդ թվում նաեւ՝ ՀՀ զինվորական դատախազությունը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն, սահմանափակված են սահմանադրորեն ամրագրված այդ իրավունքներով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը պնդեց հայցը, հայտնեց նաեւ, որ այն հարցերը, որոնք ուղղված են եղել ՀՀ դատախազությանը, ուղղվել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը: Քրեական գործերը դատարան ուղարկվելու դեպքում դատախազների մոտ պահպանվում են հսկողական վարույթները, որտեղ լինում են բոլոր կարեւոր վկաների ցուցմունքները, ընդհանրապես գործի նյութերի պատճենները: Հայցվորը ՀՀ պաշտպանության նախարարությունից 08.05.2015 թվականի դիմումը վերահասցեագրելու վերաբերյալ գրություն չի ստացել: ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է տրամադրեր տեղեկատվությունը, քանի որ իրավասու է եղել տրամադրել այն: Հայտնեց նաեւ, որ դատախազությանը ներկայացված հարցերն առնչություն չունեն քրեական գործի հետ:
ՀՀ դատախազությունը պատասխանել էր Գրիգորի Նադիրյանին:
Դատախազությունը պատասխանել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորի քննչական բաժնի որոշմամբ հայցվորին առաջադրվել էր մեղադրանք:
Նա եւ փաստաբանը՝ պաշտպան Գառնիկ Թորոսյանը, ծանոթացել են քրեական գործի նյութերին, գործն ուղարկվել էր դատարան:
Այսինքն, ըստ դատախազության, հայցվորի կողմից պահանջված տեղեկատվությունն առկա է դատարանի վարույթում քննվող քրեական գործի նյութերում, որին, ինչպես նշվեց, հացվորը ծանոթացել է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայցադիմումի պատասխան չէր ներկայացրել, իսկ գործի քննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ իրենց ուղղված դիմումով ներկայացված հարցերը որեւէ առնչություն չունեն ՀՀ պաշտպանության նախարարության գործառույթների հետ: Այդ իսկ պատճառով դիմումը վերահասցեագրվել է զինվորական դատախազությանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
17.05.2018