«Առավոտի» «Ֆակուլտետում ահուսարսափի եւ վախի մթնոլորտ էր» հրապարակման մեջ ԵՊՀ արդեն նախկին պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանը ներկայացրել էր իր` համալսարանից հեռանալու եւ իրեն գրագող որակելու պատճառները, խոսել էր նաեւ ԵՊՀ-ում 30 եւ ավելի տարիներ աշխատող դեկանների վերընտրության մասին: Հրապարակումից հետո ստացել ենք ԵՊՀ-ից հետեւյալ պատասխանը` «Տոտալիտար ռեժիմի տարիներին համալսարանում իշխել է ազատ միտքը, ազատ խոսքը, ուր մնաց ներկա պայմաններում» վերտառությամբ եւ 8 ստորագրություններով, ինչը եւ հրապարակում ենք իբրեւ պատասխան:
Մարատ Գրիգորյան- Այսօր չեք գտնի համալսարանում մի որեւէ ֆակուլտետ, կենտրոն, որտեղ տիրի ահուսարսափի եւ վախի մթնոլորտ: Բացառված է, որ մի անհատ, որը 30 տարուց ավելի 5 տարին մեկ մրցակցային պայմաններում ընտրվի դեկան, լինելով քաղաքական հայացքներով անընդունելի տարբեր ժամանակահատվածում գործող իշխանությունների համար, կարողանա ահուսարսափով, վախի մթնոլորտ ստեղծելով վերընտրվի: Երկար տարիներ Գրիգորյան Մարատի դեկանի պաշտոնում վերընտրվելը պայմանավորված է եղել ոչ թե որեւէ իշխանավորի ցանկությամբ, այլ միայն ֆակուլտետի ուսանողության եւ աշխատակիցների վստահությամբ եւ ցանկությամբ, ինչպես նաեւ Գրիգորյանի արդարամիտ, կազմակերպչական, արդյունավետ եւ բեղմնավոր գիտամանկավարժական, հասարակական գործունեությամբ: Մեկ տասնյակից ավելի հանրապետական, միջազգային գիտական ծրագրերի եւ հաշվետվությունների ղեկավարն եմ եղել եւ այսօր էլ կամ: Ղեկավարել եմ եւ ներկայումս էլ հանդիսանում եմ ասպիրանտների եւ հայցորդների գիտական ղեկավար: Զեկուցումներով հանդես եմ եկել միջազգային գիտական կոնֆերանսներին, մասնակցել եմ միջազգային արշավախբերում որպես փորձագետ, ունեմ տպագրված բազմաթիվ գիտական հոդվածներ, գիտական հաշվետվություններ, զեկույցներ: Այսօր ֆակուլտետը համագործակցում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ճապոնիայի եւ մի շարք այլ երկրների ուսումնագիտական կենտրոնների հետ, իրականացնում է համատեղ գիտական ծրագրեր եւ ուսանողների վերապատրաստում: Անցած 10 տարիների ընթացքում ֆակուլտետի մասնագիտական խորհրդում պաշտպանել են 6 դոկտորական եւ 20 թեկնածուական ատենախոսություններ: Ֆակուլտետից ազատվել է 1 պրոֆեսոր՝ ամբիոնի վարիչի պաշտոնում չընտրվելու պատճառով (2009թ), 1 պրոֆեսոր հեռացվել է գրագողության պատճառով (Մ. Մանասյան), 2-ը տեղափոխվել են այլ բուհ՝ ընտրվելով ամբիոնի վարիչներ:
2018թ. ֆակուլտետի դեկանի ընտրությունն իրականացվել է ըստ գործող օրենքի, կանոնադրության եւ դեկանի ընտրության կանոնակարգով: Այն, որ գրագող Մ. Մանասյանին թույլատրվեց մասնակցելու մրցույթին, խոսում է այն մասին, որ համալսարանում կա ազատ խոսքի իրավունք: Ըստ դեկանի ընտրության կանոնակարգի պարոն Մ. Մանասյանին տրվել էր եւ հիմնական ժամանակ, եւ լրացուցիչ (20 րոպեից ավելի), իրեն ծրագիր ներկայացնելու, բայց ամբողջ ժամանակահատվածում նա խոսել է ամեն ինչի մասին, բայց ոչ ծրագրից (կա տեսագրություն):
Մանասյանը շատ լավ գիտեր, որ խորհուրդը միաձայն որոշեց որպես գրագող հեռացնել համալսարանից, դժվար թե ձայն տա նրան, ինչը եւ բացարկ հայտարարելու պատճառ հանդիսացավ: Այդ նույն վարքագիծը նա դրսեւորել էր նաեւ մի քանի տարի առաջ՝ ամբիոնի վարիչի մրցույթին մասնակցելու ժամանակ, երբ բոլորը դեմ արտահայտվեցին եւ նա տեսնելով, որ ոչ մի ձայն չի ստանա, բացարկ հայտարարեց: Որպեսզի լիարժեք գաղափար կազմենք պարոն Մ. Մանասյանի ով լինելը, հակիրճ ներկայացնենք նրա վերաբերյալ ֆակուլտետի ուսանողության եւ աշխատակիցների կարծիքը: Դեռ մինչեւ ֆակուլտետների միավորումը՝ 2008թ. եւ նոր ֆակուլտետի կազմավորումը, «Դասախոսը ուսանողի աչքերով» հարցման արդյունքներում, Մ. Մանասյանը ունեցել է ամենացածր գնահատականը, որի վերաբերյալ կատարվել են հետեւյալ գրառումները՝ «Խնդրում ենք ազատել պարոն Մ. Մանասյանին համալսարանից, որպես կաշառակերի»: Եվ դա գրանցվել է ոչ թե մեկ ուսանողի, այլ տասնյակ ուսանողների կողմից, ոչ թե մեկ տարվա հարցման, այլ երկար տարիների հարցումների ժամանակ:
Հանձնաժողովի նախագահ, պրոֆ. Ա. Ավագյան – Մ. Մանասյանն իր որդի Հայկ Մանասյանի հեղինակությամբ զեղծարարությամբ հրատարակել է ուսումնական ձեռնարկ, այն վաճառելով ուսանողներին, որտեղ նշում է, որ այն երաշխավորվել է տպագրության Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից, երբ նման երաշխավորություն չի եղել եւ այն ամբողջովին արտագրություն է: Մ. Մանասյանի կողմից հրատարակված բոլոր գրքերում բացահայտվել են մասսայական արտագրություններ՝ նույնիսկ առանձին գլուխներով, թեմաներով, էջերով: Ընդ որում, արտագրությունը կատարվել է տարբեր հեղինակներից, դպրոցական դասագրքերից: Առանձին դեպքերում արտագրությունները կազմում են մինչեւ 90%: Կուզենայինք իմանալ, թե որտե՞ղ է Հայկ Մանասյանը: Նա պետք է որ ծառայեր Հայկական բանակում: Գուցե այդ հարցը պարզաբանեն համապատասխան ծառայությունները:
Ամբիոնի վարիչ Ս.Հայրոյան – Չբացառելով Մ. Մանասյանի վարքի տեր առանձին անհատների գոյությունը՝ պետք է ասեմ, որ ֆակուլտետում աշխատում են հանրապետությունում իրենց մասնագիտության մեջ մեծ հեղինակություն, ճանաչում ունեցող արժանապատիվ դասախոս-մասնագետներ, որոնք լիարժեք կատարում են իրենց պարտականությունները եւ չեն կարող թույլ տալ նման նողկալի արարք, ունեն նորմալ գործնական, աշխատանքային հարաբերությւոններ դեկանի եւ ամբիոնի վարիչների հետ:
Դոցենտ Ա. Պոտոսյան- Շուրջ 10 տարի եղել եմ ֆակուլտետի գիտխորհրդի անդամ, մասնակցել եմ ֆակուլտետի դեկանի տարեկան բոլոր հաշվետվություններին: Այդ տարիներին Մ. Մանասյանի կողմից ոչ մի անգամ չի եղել առարկայական որեւէ լուրջ դժգոհություն ֆակուլտետում առկա բարոյահոգեբանական մթնոլորտից: Ընդհակառակը՝ մի շարք դեպքերում առաջինը Մանասյանն է գոհունակություն հայտնել դեկանի աշխատանքից, առկա իրավիճակից:
Դոցենտ Գ. Մարկոսյան- Մ. Մանասյանը, իր ասպիրանտ որդու համահեղինակությամբ, հապշտապ՝ կեղծիքով, չսպասելով ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորմանը, հրատարակել է ուսումնական ձեռնարկ եւ սկսել է մեղադրանքներ տեղալ մեթոդ եւ գիտական խորհուրդների հասցեին, իբր խոչընդոտում են նման ձեռնարկների հրատարակմանը: Մանասյանը չի զլացել անուղղակի բոլորին անվանարկել:
Դոցենտ Ս. Սուվարյան – Հայտնի է, թե ինչպես է պարոն Մանասյանը պարտադրում ուսանողներին գնել իր կողմից հրատարակված գրքերը, հակառակ դեպքում դուրս կմնան համալսարանից: Պ-ն Մանասյանն իր գրագող-գիտնական լինելը ցանկանում է շղարշել համալսարանը եւ ֆակուլտետը անհիմն զրպարտելով եւ վարկաբեկելով:
Ամբիոնի վարիչ, դոց. Պ.Դավթյան- Պարոն Մանասյան, ընտրություններից 1 օր առաջ զանգեցիր եւ խնդրեցիր, որ քեզ ձայն տամ, որ գոնե 1 ձայն ունենաս: Ես քեզ մերժեցի, քանի որ քո տեսակին ոչ ոք ձայն չի տա, սսկվիր եւ նստիր տեղդ եւ մի փորձիր զրպարտել համալսարանն ու ֆակուլտետը: Կասեմ, որ դու սրիկա ես:
Ամբիոնի վարիչ, դոցենտ Շ. Խաչատրյան – Ես Մ. Մանասյանի նկատմամբ ունեմ հատուկ վերաբերմունք եւ դա ստեղծել է ինքը: Չեմ հիշում ֆակուլտետի որեւէ նիստ, սեմինար կամ խորհրդակցություն, երբ պարոն Մանասյանը չխանգարի դրանք, վիրավորանքներ չհնչեցնի գործընկերների նկատմամբ: Եթե մարդը գրագող եւ զրպարտիչ է՝ ավելորդ է նրա հետ բանավիճել:
Պրոֆեսոր Թ. Վարդանյան – Անբարոյականությունն ու կեղծիքը դարձնելով զենք, Մանասյանը զրպարտում է համալսարանը, ֆակուլտետը, մեթոդխորհուրդը: 15 տարում Մանասյանը գրել է 30 գիրք՝ աբսուրդ է: Միայն գրագողության դեպքում կարելի է այդքան գիրք գրել, որը բացահայտվեց մասնագետների կողմից: Մանասյանի կարծիքով ֆակուլտետում խրախուսվում է քծնանքը, շողոքորթությունը՝ բոլորին համարում է «մանկլավիկներ», սակայն նման հատկանիշները բնորոշ են հենց իրեն: Մեկ գովերգում է դեկանին, մեկ ճիշտ հակառակը: Իր վարքը նման է անբարո մարդու վարքի: Պատահական չէ, որ պարոն Մանասյանը ֆակուլտետում չունի ոչ մի համախոհ եւ նրա բոլոր ներկայացրած մեղադրանքները, որոնք քննարկվել են ֆակուլտետում, լիովին ձախողվել են: Պարոն Մանասյանը ոչ մի ներդրում չունի գիտության բնագավառում, ոչ մի դրամաշնորհ չի ստացել, ոչ մի գիտական հոդված չունի արտերկրում, խոսում է միայն 30 տպագրված գրքերից, դասագրքերից, որոնք գրագողության արդյունք են եւ ոչ մի արժեք չունեն:
Ֆակուլտետի գիտխորհրդի նիստի արձանագրությունից – Ելույթ ունեցողները, թվով 10, խիստ դատապարտեցին Մ. Մանասյանի գրագողության փաստը եւ նշեցին, որ նման վարքագիծ դրսեւորող պրոֆեսորի գործունեությունը անթույլատրելի է համալսարանում: Պ-ն Մանասյանը հայտնեց իր անհամաձայնությունը եզրակացության մեջ ներկայացված արտագրության տոկոսային թվերի հետ՝ ընդունելով, որ արտագրված է ընդամենը 15-20%-ի չափով: Որոշեցին առաջարկել ռեկտորատին Մ. Մանասյանին, որպես գրագողի, ազատել համալսարանից: Որոշումն ընդունվեց՝ 30 կողմ, 1 դեմ (Մ. Մանասյան) եւ 0 ձեռնպահ:
Հ.Գ. Պարոն Մանասյանի հարցը որպես գրագողի, զրպարտչի մեզ համար համարում ենք փակված: «Առավոտին» էլ սիրով հրավիրում ենք ֆակուլտետ՝ ծանոթանալու ֆակուլտետի ուսումնագիտական աշխատանքներին, զրուցելու ուսանողության եւ աշխատակիցների հետ: Կից ուղարկում ենք ֆակուլտետի ուսանողների եւ աշխատակիցների համաձայնությունները՝ ներկայացված կարծիքի վերաբերյալ:
«Առավոտ»
17.05.2018