«Մենք ռեւանշիստներ չենք: Ոչ մենշեւիկ ենք, ոչ էլ` բոլշեւիկ» ,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`ՀՀԿ-ի հասցեին մեղադրանքներ հնչեցնողներին հորդորելով զերծ մնալ նման բառապաշարից: «Մենք քաղաքական կուսակցություն ենք, զբաղվել եւ զբաղվելու ենք քաղաքական գործունեությամբ: Եթե ոմանց թվում է, թե քաղաքական կուսակցությունը չպետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ, նրանք հայտնվել են ոչ ճիշտ ուղու վրա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը`պնդելով, որ ՀՀԿ-ն շարունակելու է իր քաղաքական գործունեությունն իր գաղափարախոսության շրջանակներում, շարունակելու է իր ծրագրերն իրականացնել`առանց սաբոտաժի կամ ռեւանշիզմի տամադրությունների:
Պատասխանելով արտահերթ ընտրություններին վերաբերող հարցին` Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցության ղեկավար մարմինն արտահերթ ընտրությունների հարց այսօր չի քննարկել: Ավելին. «Արտահերթ ընտրությունների համար պետք է լինեն իրավական եւ քաղաքական հիմքեր»: Առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի կառավարության ծրագիրը: Էդուարդ Շարմազանովի տպավորությունն այն է, որ նորընտիր կառավարության օրակարգում էլ այս պահին արտահերթ ընտրությունների հարց չկա: Ասում է`Սահմանադրությունը սահմանում է այն տարբերակները, թե ե՞րբ կարող է խորհրդարանն արձակվել: Եվ եթե կառավարության ծրագիրն ընդունվում է խորհրդարանի կողմից, այդ տարբերակը դուրս է գալիս:
«Քաղաքական գործընթացները շատ արագ են փոխվում, եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի 2-3-4 ամիս հետո: Դրա համար, ես կարծում եմ, որ ժամանակավրեպ է խոսել մի բանի մասին, որը կարող է արդիական լինել մի քանի ամիս հետո»,- ասաց նա:
Այլ մանրամասները`տեսանյութում:
https://www.facebook.com/gegham.petrosyan.71/videos/1656484141054293/
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ