Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայի դատախազությունը պահանջել է Փայլանին զրկել անձեռնմխելիությունից. ermenihaber.am

Մայիս 17,2018 21:25

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը խորհրդարանից պահանջել է դադարեցնել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը։ Փայլանը կարող է պատասխանատվության ենթարկվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ (հանրապետության նախագահին վիրավորելու) և 301-րդ (Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին, Թուրքիայի կառավարությանը հրապարարակայնորեն վիրավորելու և նվաստացնելու) հոդվածների հիման վրա։

Փայլանի դեմ 2017թ․ մայիսի 16-ին հայց է ներկայացրել Գիրեսունի համալսարանի նախկին ռեկտոր Այգյուն Աթթարը։ Մեղադրանքը հիմնավորվել է Գարո Փայլանի՝ 2017թ․ հունվարի 14-ին մեջլիսում ունեցած ելույթով և 2017թ․ մայիսի 1-ին Կանադայի հայկական «Horizon Weekly»-ի եթերում հնչեցրած արտահայտություններով։

Թուրքիայի խորհրդարանում նշված ելույթի ժամանակ հայ պատգամավորը մասնավորապես ասել էր․ «Մի ժամանակ մենք 40 տոկոս էինք կազմում։ Այսօր հազարից մեկն ենք։ Ուրեմն, մեզ հետ մի բան է պատահել, և ես դա ցեղասպանություն եմ կոչում։ Հայ ազգը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել։ Ես էլ շատ լավ գիտեմ, թե մի ժամանակ իմ հոր ու պապի հետ ինչ է կատարվել։ Ուրեմն դուք ասեք դրա անունը։ Քանի որ մենք առ ոչինչ ենք։ Մենք նվազել ենք այնքան, որ արդեն միայն հազարից մեկն ենք»։

Իսկ «Horizon Weekly»-ին տված հարցազրույցում Փայլանը նշել էր․ «Թուրքիայում ցեղասպանություն է տեղի ունեցել և այդ ցեղասպանությունը այսօր ևս շարունակվում է»։

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության՝ խորհրդարանական հանցագործությունների հետաքննության բյուրոն ընդունել է Աթթարի հայցը և ընթացք տվել դրան։ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար անհրաժեշտ է Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը։ Հայտնի է դարձել, որ արդարադատության նախարարությունը 2017թ․ դեկտեմբերի 7-ին բավարարել է Փայլանի դեմ հետաքննություն սկսելու պահանջը։

Դատախազությունն արձանագրել է, որ Փայլանի նշված ելույթները բավարար ապացույց են հանդիսանում առ այն, որ նա հրապարակայնորեն վիրավորել է թուրք ժողովրդին, Թուրքիայի պետականությունն  ու հանրապետության նախագահին։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031