ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի դեպքի առթիվ՝ սպանության հատկանիշներով։
2018 թվականի մայիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ 3-րդ գյուղից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին՝ փոսի մեջ, այրված դի կա։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննության ընթացքում Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի Հին խճուղի փողոցի՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ տանը կից քարի արտադրամասի դիմացի ճանապարհահատվածից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, հայտնաբերվել է անձը չպարզված, մետաղական լարով կապված և այրված արական սեռի դիակ: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել են նաև կտրած-ծակած վնասվածքներ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության դեպքի առթիվ, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են մեծածավալ անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դիակի ինքնությունը և սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախնական տվյալներով՝ տուժածը 25-30 տարեկան, միջին կազմվածքի տղամարդ է, ով ունեցել է մշակված մորուք։ Դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ, մասնավորապես՝ ուսահոդերի շրջանին՝ ութանկյուն դաջվածքներ, աջ բազկին դաջված դիմանկար՝ նմանեցվում է Հիսուսին, աջ և ձախ ծնկահոդերին՝ աստղանման դաջվածք։
Կից հրապարկում ենք տուժածի մարմնի վրա արձանագրված դաջվածքների լուսանկարները և խնդրում բոլոր նրանց, ովքեր կճանաչեն դրանք կամ որևէ տեղեկություն ունեն տուժողի ինքնության վերաբերյալ, դիմել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
ՀՀ քննչական կոմիտե