Հայաստանում տեղի ունեցավ Համահայկական մեծ ընդվզում, որը դեռ չի հասել դատական իշխանությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին և իշխանության այլ ճյուղերին:
Դեռ ամիսներ առաջ՝ փետրվարի 13-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայության պետին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի և խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանի ու Մարինա Խաչատրյանի կողմից իրենց մի շարք իրավունքների խախտման, ինչպես նաև 2018 թվականի փետրվարի 19-ին լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ հաղորդումներ էին ներկայացվել հանցագործությունների մասին:
Այսօր՝ 2018 թվականի մայիսի 17-ին, ժամը 15:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում (Նոր Նորքի 4-րդ զ/ծ., Գյուլիքևխվյան փողոց 20) վերոնշյալ հաղորդումների կապակցությամբ տեղի ունեցավ դատական նիստ, որը հետաձգվեց մինչև սույն թվականի հունիսի 8-ը, ժամը 17:00-ն՝ դատական նիստին քննիչի չներկայանալու պատճառով:
Ազգային ներպետական ատյաններում սույն գործի բողոքարկման ընթացակարգի սպառումը նպատակ ունի հետագայում բողոք ներկայացնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունների մասին տեղեկատվություն հայտնելու և պաշտպանություն հայցելու վերաբերյալ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն