Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանը, անկախ ընտրություններից, ունի պարտավորություններ, ընդ որում, դրանք ոչ միայն պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, այլեւ միջազգային պարտավորություններն են. «1995-ի եռակողմ համաձայնագրում կա հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին դրույթը: Իսկ այդ պայմանագիրն անժամկետ է եւ հանդիսանում է Ադրբեջանի միջազգային պարտավորությունները: Դա է պատճառը, որ բանակցությունները մշտապես խափանվում են, խոսքերով չի, այլ՝ գործով»:
Հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը հիմա ինտենսիվացնելու հարցը դնում՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Իմ գնահատականն այն է, որ ինքը ուզում է շեշտադրումը վստահության միջոցների ստեղծելուց շեղել»: Նա ասաց, որ բանակցությունների համար վստահություն է պետք, չկա վստահություն՝ բանակցություն չի լինի:
Շավարշ Քոչարյանն ասաց, որ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գալու են. «Իշխանություն է փոխվել, արտգործնախարար է փոխվել, գալիս են առնվազն ծանոթանալու»:
Հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյան-Վիգեն Սարգսյան բանավեճը հաշվի առնելով՝ հնարավո՞ր է արցախյան հակամարտության հետ կապված մենք երկու տարբեր, իրար հակասող դիրքորոշումներ ունենանք՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես դա չեմ մեկնաբանի, որովհետեւ համարում եմ նմանատիպ դիսկուրսը վտանգավոր: Ես չեմ պատրաստվում ներքաշվել, նպաստել նմանատիպ խոսակցությունների»:
Դիտարկմանը, որ ամեն դեպքում, պիտի հասկանանք՝ հակամարտո՞ղ կողմ ենք, թե՞ բանակցային կողմ՝ փոխարտգործնախարարը պատասխանեց. «Մենք հակամարտության մեջ ներքաշված կողմ ենք, ստորագրել ենք նաեւ 1994-ի համաձայնագիրը ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը մշակել են երկու կողմերը՝ Արցախը եւ Ադրբեջանը: Հայաստանը ավելի ուշ է միացել: Այդ տեսակետից, իհարկե, Հայաստանը ներքաշված կողմ է: Չմոռանանք, որ Էլչիբեյը ժամանակին հավակնություններ ուներ եւ Սեւանի նկատմամբ, եւ Զանգեզուրի նկատմամբ, այսինքն, այդ տեսակետից այն, ինչ այսօր հայտարարում է Ադրբեջանի նախագահը, դա նոր չի: Դա դեռ այն նախագահից է գալիս հավակնությունները հայկական տարածքների հետ կապված: Իրենք ոչ միայն հավակնություններ, գործողություննե՛ր են կատարում: Այս տեսակետից մենք ներքաշված կողմ ենք: Բայց հակամարտության հիմնական կողմերը ակնհայտ է, որ դա Ղարաբաղն է, Արցախն է, Հայաստանն է»:
Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, Նիկոլ Փաշինյանը ճիշտ չէ՞ր, երբ ասում էր, որ մենք հակամարտության կողմ ենք՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Չէ, մի հարցում ակնհայտորեն ճիշտ է եւ նորություն չի, որ Հայաստանը չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն: Իսկ որ մենք ներքաշված կողմ ենք, դա ճիշտ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ