Այսօր վառ առավոտից Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ կառույցների աշխատակիցներ՝ ցուցապաստառները ձեռքերին, պահանջում էին «ձեռքերը հեռու պահել Սամվել Բալասանյանից»։
«Բա՜լասա՜նյա՜ն, Բա՜լասա՜նյա՜ն»,-անընդմեջ վանկարկում էին նրանք։ Նրանք չէին դադարում բղավել անգամ ավագանու արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգի միակ հարցը՝ «Բալասանյան դաշինք»-ի 10 անդամների, որին միացել էին երկու ԲՀԿ-ականներ և մեկ հոգի «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից, Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելն էր։
«Բալասանյան դաշինք»-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն՝ Տիգրան Հովհաննիսյանը, որը գարեջրի գործարանի աշխատակից է եղել, անկեղծությամբ խոստովանեց, որ իր ձայնը ևս տալու է Սամվել Բալասանյանին։ Վերջինս բացատրեց՝ Սամվել Բալասանյանին անվստահություն նախաձեռնելու պատճառն այն է, որ նրա մրցակից ուժերը վերջերս շատ էին խոսում նրան անվստահություն հայտնելու մասին, նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ նրանք պայմանավորվածություն ունեն «Բալասանյան դաշինք»-ի ավագանու որոշ անդամների հետ։
«Չկասկածելով մեր որոշ թիմակիցների պարկեշտության վրա՝թիմային քննարկումների արդյունքում որոշեցինք քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը մտցնել ավագանու օրակարգ։ Որպես մեր թիմի միասնականության և գործող քաղաքապետին վստահության մակարդակի ստուգման թեստ՝ վստահ եմ, որ այն իրականացվող և պլանավորված բազմաթիվ միջազգային և տեղական ծրագրերն ապահովելու համար անհրաժեշտ քայլ էր », -ասաց թեկնածուն՝ նախազգուշացնելով, որ հարցերին չի պատասխանելու։
Նրան անմիջապես պատասխանեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Ավետիս Առաքելյանը, որն ասաց, թե դուք ինքներդ եք ձեր այս քայլով կրկեսի ու ծաղրուծանակի վերածում նիստը՝ անհարգալից վերաբերմունք ցույց տալով Գյումրու ու գյումրեցիների նկատմամբ։
Ելույթներ ունեցան ավագանու «Գալա» խմբակցության անդամները։ Արմենուհի Վարդանյանը ևս ասաց, որ սա կրկես է և որ Սամվել Բալասանյանը անհարգալից իրավիճակի մեջ է դրել նաև իր թիմի ներկայացուցիչներին։
«Սա ոչ թե վստահության թեստ է, այլ մտավախություն, որ հնարավոր է առաջիկա զարգացումները կամ հեղափոխության ուրվականը քշի բոլոր նրանց, որոնց ոտքերի տակ երերում են։ Եվ «Բալասանյան դաշինք»-ի անդամները որոշել են մեկ տարով ապահովագրել Սամվել Բալասանյանին, քանի որ ՏԻՄ օրենքի համաձայն՝ եթե անվստահություն հարց է քննարկվում, մեկ տարի շարունակ հնարավոր չէ անվստահություն հայտնել քաղաքապետին։ Ահա այս մանր, մանրախնդիր հաշվարկներն են դրված այս նախաձեռնության հիմքում»,- ասաց Արմենուհի Վարդանյանը։
Լևոն Բարսեղյանն էլ հարցրեց. «Ժողովուրդ, մեր քաղաքը ուրիշ պրոբլեմ չուներ, հա՞, հարգելի ավագանու 13 անդամներ, իսկապես պարա՞պ էիք մնացել, 50 տոկոսանոց աղքատության, 3000 անօթևան ընտանիքների, արտագաղթի այս տեմպի մեջ գտնվող մեր քաղաքի, 40-50 հազար դրամանոց աշխատավարձ ստացող աշխատողների դարդերը թողած՝ որոշե՞լ եք բեմադրել էս կրկեսը»։
Լևոն Բարսեղյանը, դառնալով դեպի թեկնածուին՝ Տիգրանին, ասաց՝ որևէ տեղ չի գտել, որ թեկնածուն որևէ ելույթով, որևէ սրտացավությամբ, որևէ խնդրի լուծմամբ կամ Բալասանյանի պաշտպանությամբ հանդես գար։
«Շատ տարօրինակ է, որ քաղաքապետի թեկնածուն որոշում է որևէ մեկի հարցերին չպատասխանել, էդ կամավո՞ր եք ուզեցել դառնալ թեկնածու, թե՞ ձեզ ստիպել են։ Եթե կամավոր եք ուզել դառնալ, մի վագոն հարց կա ձեզ, եթե ստիպել են, ասեք` ստիպել են։ Դուք շա՞տ եք ուզում, որ Բալասանյանը մնա այս պաշտոնում, հազար ներողություն, բժշկի անհետաձգելի հետազոտման կարիք ունեք: Պարոն Հովհաննիսյան, դուք օրակարգ եք մտցրել ձեր քաղաքապետ դառնալու մասին, Բալասանյանին անվստահություն հայտնելու մասին և ասում եք հիմա, որ դուք ուզում եք, որ Բալասանյանը մնա իր պաշտոնում։ Ի՞նչը խանգարեց այն օրակարգը հանելու»,- ասաց Լևոն Բարսեղյանը՝ հարցնելով նաև՝ չե՞ք ամաչում, Տիգրան։
Նա նաև ասաց, որ սա մեծ անպատվություն էր Գյումրիին ու հայտարարեց, որ հիմա արդեն «Բալասանյան դաշինք»-ի 10 հոգու հրաժարականն է պահանջելու։
Բավական հուզիչ ելույթ ունեցավ Սամվել Բալասանյանը։ Նա ասաց, որ կառչած չէ քաղաքապետի պաշտոնից, սակայն որպես քաղաքապետ՝ պետք է ունենա հանրային վստահություն։ Քաղաքապետը շատ հուզված էր, դողում էր։ Նա թվարկեց՝ ինչեր է արել Գյումրիում, ասաց, որ երբեք ընտրակաշառք չի բաժանել, քաղաքապետարանում կոռուպցիա չկա, ծառայողական մեքենա չի պահում, իր աշխատավարձը տալիս է անօթևաններին բնակարան գնելու, վերացրել է կրիմինալը Գյումրիից։
Սամվել Բալասանյանը նաև ասաց, որ նման նախաձեռնություն սկսելու պատճառը եղել է «սպիտակ պսակը գլխին՝ հրեշտակի թևերով» մեկի «Ասպարեզ» ակումբում տված ասուլիսը, որը հայտարարել է, թե ավագանու մյուս ուժերի հետ համախմբվելով, պահանջելու են Սամվել Բալասանյանի հրաժարականը։ Սամվել Բալասանյանն անուններ չհնչեցրեց, սակայն նրա խոսքը իր նախկին մտերիմ ընկերոջ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի մասին էր։
Սամվել Բալասանյանն իր ելույթի ընթացքում խայթեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամներին՝ հարցնելով, թե դուք հիմա առանձին կուսակցությո՞ւն եք «Հայկական վերածնունդ» անվամբ, թե՞ ՕԵԿ եք։ Նրան նետեցին. «Մենք ՕԵԿ ենք դարձել, որ դուք վերադառնաք»։
Սամվել Բալասանյանը նշեց, որ սա միակ ճանապարհն է վստահության քվեն ամրագրելու, ինքը հրաժարական չի կարող տալ, օրենքը չի սահմանում դա, թեև կառավարության ղեկավարները երբեմն հրաժարական են տալիս, հարցը մտցնում են օրակարգ և չեն հաստատում, ու նա շարունակում է պաշտոնավարումը։
Նա ասաց, որ ողջունում է այս քայլը, սա կրկես չէ, այլ քաղաքական գործընթաց է։ «Գալա» հեռուստաընկերությանը ԱԼՄ անվանեց՝ ասելով, որ միայն երեկ 76 անգամ իր անունն են տվել։ Նա «Գալա»-ին հիշեցրեց, որ մասնակցել է այս հեռուստաընկերության փրկման գործընթացին, որին ի պատասխան՝ «Գալա» խմբակցության ավագանու անդամ Քրիստինե Մկրտչյանը հորդորեց կտրոնով գալ ու իր փողը հետ վերցնել։
«Ես էդքան վատ մա՞րդ եմ, որ ինձ էդքան քննադատում եք, գիշեր-ցերեկ ձեր համար աշխատում եմ, դուք նման քաղաքապետ չեք էլ գտնելու: Բալասանյան Սամվելին, որ կախեն հրապարակում, կուրախանա՞ք բոլորդ »,- հուզված հարցնում էր Սամվել Բալասանյանը։
Նա նաև հարցրեց՝ ում են ուզում տեսնել քաղաքապետի պաշտոնում, Բդոյի՞ն, Մդոյին, թե՞ Սաշիկին։ Նշենք, որ Բդոն ԲՀԿ-ից ընտրված ավագանու անդամ Արմեն Բադեյանն է, իսկ Սաշիկը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից է։
«Հայկական վերածնունդ»-ի ավագանու անդամները, բացառությամբ մեկից՝ Համիկ Պողոսյանից, չմասնակցեցին քվեարկությանը, «Գալա»-ն ևս չմասնակցեց ։
18 հոգի Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելուն դեմ քվեարկեցին, հետաքրքիրն այն է, որ իր թեկնածության օգտին դեմ քվեարկեց նաև Տիգրան Հովհաննիսյանը՝ նախապատվությունը տալով Սամվել Բալասանյանին։ Սամվել Բալասանյանը պատասխանեց լրագրողների հարցերին, ԳԱԼԱ խմբակցությունը ևս հանդես եկավ ասուլիսով։
Այս մասին՝ քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ