ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսին փաստաբան Մարո Խաչատուրյանն ասաց, որ ԼԳԲՏԻՔ համայնքը Հայաստանում սեգրեգացիայի է ենթարկվում:
«Անգամ փաստաբանը, որը պաշտպանում է այս մարդկանց իրավունքները, պիտակավորվում է, դատավորը, որը որոշում է կայացնում ի օգուտ այս անձանց, նույնպես պիտակավորում է: Եթե մենք ունենանք արդար դատարաններ, անաչառ դատարաններ, մենք կարող ենք փոխել նաև մարդկանց մտածելակերպը, որը իրականում այդքան էլ սուր չէ, ինչպես որոշ խմբեր հրահրում ու բարձրաձայնում են կեղծ ազգայնասիրության ներքո»,-ասում է փաստաբանը:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է 2003 թ.-ից, երբ 1999-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց հոգեկան հիվանդությունների ցանկից:
2017-ին «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն ունեցել է 300-ից ավելի շահառու, որոնք խտրականության են ենթարկվել և դա արտահայտվել է զրպարտության, վիրավորանքի կամ բռնության միջոցով:
«Նոր սերունդ» ՀԿ-ի իրավաբան Անահիտ Մկրտչյանն ասում է, որ դա միայն օրենքների բացի խնդիր չէ, այլև հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերի և ընկալումների խնդիր:
«Խտրականության բազմաթիվ դեպքեր են եղել զինվորական կոմիսարիատներում, երբ 18 տարին լրացած տղաները ծաղրանքի և վիրավորանքի են արժանացել իրենց սեռական կողմնորոշման համար: Եղել են նաև ընտանեկան բռնության դեպքեր այդ անձանց նկատմամբ, և մենք փորձել ենք ֆինանսավորել, օգնել, որպեսզի ժամանակավոր կացարան ձեռք բերեն նրանք»,- ասում է Անահիտ Մկրտչյանը:
«Նոր սերունդ» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ ասում է, որ խտրականության հիմքով բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված:
«Շատ են դեպքերը, երբ այդ անձինք խտրականության ու դաժան վերաբերմունքի են արժանանում ոչ միայն քաղաքացիների, այլև պետական մարմինների կողմից, նույն առողջապահական հաստատություններում կամ քրեակատարողական, ոստիկանական համակարգում»,-ասում է Ղարագյոզյանը:
Նա շեշտում է, որ խտրականության հիմքով հարուցված քրեական գործով մեղադրյալները կամ կասկածյալների նկատմամբ չի կիրառվում կալանավորվումը` որպես խափանման միջոց. «Դա հիմք է տալիս ենթադրելու, որ նախկին իշխանությունները բավական կամք չեն ունեցել այդ գործերը բացահայտելու և մեղավորներին պատժելու համար»:
Ղարագյոզյանը հավելում է, որ շատ կարևոր է դատավորներին, դատախազներին և ոստիկաններին այս գործերով վերապատրաստելը:
Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:
Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող: