Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստն սկսվեց միայն ՀՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ՝ Հերմինե Նաղդալյան, Շիրակ Թորոսյան ու Արտաշես Գեղամյան: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ հասկանալի պատճառներով Արտակ Զեյնալյանը չի մասնակցում նիստին, վայր է դրել մանդատը եւ «Ելքից» նրա փոխարեն այլ անդամ ներգրավելու հետ կապված տեղեկություն չունեն: Այնուամենայնիվ, քվորում կար եւ նիստը կայացավ: Ավելի ուշ միացավ Արարատ Զուրաբյանը:
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց Ֆրանսիայի կառավարության հետ ստորագրված «Մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների՝ մյուս պետությունում զբաղվածության մասին» համաձայնագիրը: Դիվանագիտական անձեռնմխելիությունը այս դեպքում աշխատանքում առավելություն ստանալուն չի նպաստելու:
Գեղամյանը հարցրեց՝ ուրիշ երկրների հետ նման կարգավորում ունենք, թե չէ, Քոչարյանը պատասխանեց, որ մի շարք երկրների հետ ունենք:
Արարատ Զուրաբյանն ասաց, որ սա շատ ողջունելի է, ընտանիքի անդամները ինչ պետք է պարապ նստեն տանը, կաշխատեն եւ կնպաստեն ընտանիքի բարեկեցությանը:
Համաձայնագիրը միաձայն ընդունվեց:
Նիստից հետո Արմեն Աշոտյանն ասաց, որ հանձնաժողովի անդամները պետք է քննարկեն «Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի» խնդիրները: Նա նաեւ տեղեկացրեց, որ արտաքին գործերի նոր նախարարին հրավիրել է՝ մոտ ապագայում քննարկում անելու հետագա աշխատանքների հետ կապված. «Երբ ստանամ նախարարի արձագանքը՝ հանդիպման տեղի, վայրի ու ժամի մասին կտեղեկացնեմ»:
Աշոտյանը նաեւ ասաց, որ Եվրանեսթի հետ կապված պատվիրակությունը «մեկ հոգի կորցրել է»՝ Մանե Թանդիլյանը նախարար է եւ դեռ չեն որոշել, թե նրան ով կփոխարինի:
Եվրանեսթի պլենար հավաքը լինելու է Բրյուսելում հուլիսի 24-28-ը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ