Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն չի կարող հայտնվել պատմության արխիվներում». Խոսրով Հարությունյան

Մայիս 17,2018 16:34

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ընդունում է, որ մենք բոլորս ականատես եղանք ժողովրդական իրական քաղաքացիական նախաձեռնության աննախադեպ ակտիվության, բայց ըստ նրա՝ դա դեռ հեղափոխություն չէ:

«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Հարությունյանը նկատեց, թե կատարված իրողություններն ապացուցում են, որ մեր ժողովուրդը ժողովրդավարությունը համարում է իր գիտակցված ընտրությունը. «Այն, ինչի ականատես ենք, ժողովրդավարական զարգացումների աննախադեպ, չտեսնված մի դրսևորում էր: Նախկինում հաջողված քաղաքացիական նախաձեռնությունները՝ «Մաշտոցի պուրակ», «Թռչկան», Էլեկտրիկ Երևան», «Հարյուր դրամներ», այն նախաձեռնություններն էին, որոնք աստիճանաբար քաղաքացիական սեկտորի մոտ հենք ձևավորեցին, որ նա կայանա և ձևավորի որոշակի նախաձեռնություն: Սերժ Սարգսյանն ինքն անձամբ նման նախաձեռնություններին մեծ կարևորություն էր տալիս: Թեպետ այս ամենն, ինչ մասին խոսում ենք, նախկին իշխանությունների քաղաքականության հետևանք էր, բայց որպես այդպիսին՝ համարում եմ բոլորիս ձեռքբերում: Բայց այս շանսը պետք է իրական քաղաքական կապիտալ դարձնել, որպեսզի արժանապատիվ ապրող քաղաքացու կեցվածքը դառնա անշրջելի»:

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ այն, ինչի մասին խոսում ենք, դեռ վաղ է անվանել հեղափոխություն. «Հեղափոխությունն արժեքների և համակարգի արմատական բարեփոխումն է, որը պիտի տեղի ունենա: Դեռ դրա շեմին ենք: Երբ դա իրոք տեղի ունենա, մենք կասենք, որ տեղի ունեցավ հեղափոխություն: Եթե չունենա, կասենք՝ ուղղակի իշխանափոխություն է տեղի ունեցել՝ այս անգամ ներքևից»:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Խոսրով Հարությունյանը փաստեց՝ Նիկոլ Փաշինյանը թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության, և՛ թե անվտանգության քաղաքականության մեջ հռչակեց այն նույն առաջնահերթությունները, որոնք հռչակել է Կարեն Կարապետյանի կառավարությունը. «Այն իրողությունները, որում ապրում ենք, թելադրում են հաշվի նստել դրանց հետ: Պիտի հաշվի նստել, որ ԵԱՏՄ անդամ ենք, պարտավորություններ ունենք ՌԴ-ի հանդեպ, որ ԵՄ-ի հետ ունենք նոր՝ ձևավորվող, որակապես նոր մակարդակի հարաբերություններ, ԱՄՆ, Չինաստան, մեր անմիջական հարևաններ: Այսինքն՝ դուք այս ամենից զատ ոչինչ ասել չեք կարող: Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական ոլորտում նշել է առաջնահերթություններ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտ, գյուղատնտեսություն և տուրիզմ: Կարեն Կարապետյանի գործունեությունը նույնն էր սահմանել՝ գումարած մի քանիսը»:

Հիշեցմանը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա ընթացքում և հարցին՝ ՀՀԿ-ն ինչպիսի՞ իրավիճակում կհայտնվի, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Դասական քաղաքական թեզերի համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն առաջանում է այն ժամանակ, երբ ձևավորվում է հիմնական քաղաքական խաղացողների այլ հարաբերակցություն, որը չի արտահայտված ԱԺ-ում, երբ իրականում ԱԺ-ում ներկա քաղաքական ուժերի հարաբերակցությունը տարբերվում է այն ներկայությունից, որ ունենք ԱԺ-ում: Այսօր ունենք, օրինակ՝ ԵԼՔ-ը, որը քիչ է ներկայացված խորհրդարանում. իրականում նրա քաղաքական ազդեցությունն անհամեմատական է այն ներկայությանը, որը նա ունի: Թվում է՝ այս համատեքստում պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նման դեպքերում ժամանակը էական նշանակություն ունի, քանի որ այսօր ուժը կարող է վարկանիշ ունենալ, բայց երկու ամիս անց նման բան չկա: Հետևաբար հապճեպ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բուն հանրային կյանքի կազմակերպման համար կարող է վնասակար հետևանքներ ունենալ»:

Խոսրով Հարությունյանը հիշեցրեց՝ 2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ 540 հազար ձայն, ամենաազդեցիկ քաղաքական ուժն էր, թվում էր՝ դա լուրջ հնարավորություն է դարձնել կապիտալ իշխանությանը հակադրվելու, օպերատիվ դերակատարություն ստանձնելու, հանրային կյանքին օգուտ բերելու լուրջ հնարավորություն, բայց երկու ամսից հետո հազիվ կարողացավ հաղթահարել Երևանի քաղաքապետի ընտրություններում նվազագույն շեմը:

Հարցին, եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ-ն կհայտնվի՞ խորհրդարանում, պարոն Հարությունյանը պատասխանեց՝ ամեն ինչ կախված է ՀՀԿ-ից. «ՀՀԿ-ն կանգնած է իր անցած ուղին իմաստավորելու, վերլուծելու, դասեր քաղելու անհրաժեշտության առաջ: Այդ գործընթացը սկսել է. ՀՀԿ-ում նույնիսկ, ի զարմանս ինձ, այս միասնականության ոգին շատ բարձր է: Բոլորն էլ գիտակցում են այն պատասխանատվությունը, որ կրել են ու կրելու են որպես կայացած քաղաքական ուժ հետագա զարգացումներում: Մի կուսակցություն, որի ակունքներում Վազգեն Սարգսյանը, Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանն են, չի կարող հայտնվել պատմության արխիվներում: Նա դեռ դերակատարում ունի, և ՀՀԿ-ականները շատ լուրջ գիտակցում են դա»:

Դառնալով ՀՀԿ-ի ներկայացվածությանը՝ պարոն Հարությունյանը նկատեց՝ կախված որքանով կկարողանա վերաիմաստավորել իր ներքին կյանքը և հնարավորությունները՝ ներկայանալով՝ որպես քաղաքական գործընթացների պատասխանատու մասնակից, ՀՀԿ-ն կապահովի կամ կփորձի երաշխավորել իր՝ ապագա ընտրություններում մասնակցությունը և հաջողությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031