2017-18 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 58000 սովորող: Օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկաներից: Ընդ որում՝ 16 առարկաներից հանրապետական փուլին մասնակցել է 1535 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմների է արժանացել 63 սովորող, երկրորդ կարգի դիպլոմի` 105 եւ երրորդի` 162 աշակերտ: Նրանք ինչպես Երեւանի կրթական հաստատություններից են, այնպես էլ` ՀՀ տարբեր մարզերի:
Մայիսի 17-ին ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:
«Սա ամենամյա մրցանակաբաշխություն է: Գիտեք, որ ամեն տարի հազարավոր աշակերտներ են մասնակցում օլիմպիադաներին: Գիտելիքի հերթական ստուգատեսն է: Նախկինում օլիմպիադաների հետ կապված որոշակի վերապահումներ եղել են` անցկացման բովանդակային առումով, հաջորդ տարիներին թերեւս կվերանայենք կարգը: Պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ստուգենք երեխաների վերլուծական, քննադատական ունակություններն ու հմտությունները: Կարծում եմ` դա շատ ավելի կարեւոր է»,-ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է դպրոցների ավարտական քննությունների` մեկ շաբաթով հետաձգմանը, նախարարն այս մասին էլ ասաց. «Շաբաթվա ընթացքում բազմաթիվ բողոքներ ենք ստացել, որ հայտնի իրադարձությունների հետ կապված աշակերտները բավականին ժամանակ են կորցրել քննություններին նախապատրաստվելու առումով: Տարբեր գերատեսչությունների հետ քննարկելով, ԿԳ նախարարությունում եկանք այն որոշման, որ անհրաժեշտ է մեկ շաբաթով հետաձգել քննությունները, որպեսզի աշակերտները կարողանան պատշաճ կերպով նախապատրաստվել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ