«ՀՀ առաջին նախագահը երկու առաքելություն ունի ստեղծված ներքաղաքական իրավիճակում, իր իսկ պատկերացումների համաձայն: Առաջինը, կարծում եմ, մտածելով, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ փորձում է իր կերպարով ակտիվացնել նաեւ ՀԱԿ-ը եւ որոշակի նախընտրական ակտիվություն է դիտարկվում Տեր-Պետրոսյանի վերջին օրերին պարբերաբար ի հայտ գալը հանրային դիսկուրսով: Երկրորդը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, կարծում եմ, կարեւոր էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականի, իր մոտեցումների կյանքի կոչելը»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի մասին՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա ասաց, որ իր հոդվածի մնացած գնահատականները հավելյալ քաղաքական արժեք չեն ստեղծում, դրա համար չի ուզում անդրադառնալ. «Այդ հոդվածի հիմնական հասցեատերը մենք չէինք, ՀՀԿ-ն չէր: Կարծում եմ, պետք է այդ հարցերը ուղղել այդ հարցերի հիմնական հասցեատիրոջը»:
Դիտարկմանը, որ Տեր-Պետրոսյանը նկատում է, որ դուք ռեւանշի մտադրություն ունեք՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Քիչ առաջ լսում էի նաեւ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը՝ կապված նրա հետ, որ սաբոտաժ չկա եւ չի կարող լինել: Ուզում եմ վերահաստատել: Սա այն դեպքերից է, երբ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են: ՀՀԿ-ն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է եւ սա փաստ է, քաղաքական իրողություն, որը տեսանելի դարձավ, երբ կազմավորվեց կառավարությունը: Կառավարությունում ներառված են խորհրդարանական բոլոր ուժերը, «Ելքի» մյուս երկու կուսակցությունները, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, այսինքն, ՀՀԿ-ն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է: Մեր դերակատարությունն է եւ մեր հավելյալ արժեքը քաղաքական կյանքում նաեւ ժողովրդավարության զարգացման տեսակետից ապահովել այլակարծություն եւ բազմակարծություն, ինչպես նաեւ իշխանության տարբեր ճյուղերի բալանսավորված եւ տարանջատ գործողություններ: Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ ՀՀԿ-ն, մեր պետականության վերականգնման ակունքներից առ այսօր կանգնելով երկրում տեղի ունեցող ազգային ու պետական արժեք ունեցող խնդիրների կողքին՝ իրեն չի կարող թույլ տալ մանրախնդիր ու քինախնդիր լուծումների գնալ»:
Նա ասաց, որ մայիսի 8-ից առ այսօր, ինչ ընտրվել է Նիկոլ Փաշինյանը, որեւէ փաստագրված դեպք չկա, որ ՀՀԿ անդամ այս կամ այն պաշտոնյան իր պարտականությունները թերի է կատարել կամ չի կատարել, կամ հորդորներ է ուղղել քաղաքացիներին փակել ճանապարհը եւ այլն: Կարծում եմ, վարչապետի այսօրվա ուղերձում շատ հստակ են ակնարկները, թե որտեղից են գալիս այդ գործողությունները: Բացարձակ կապ չունեն ՀՀԿ-ի հետ: ՀՀԿ-ն, լինելով խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը՝ ամեն ինչ անելու է երկրում քաղաքական բազմակարծության համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ