«Պարոն Տեր-Պետրոսյանից նման հայտարարություն չէի սպասում: Ցավում եմ նման հայտարարության համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը:
Հիշեցնենք՝ նա այս օրերին քաղաքացիների, այդ թվում՝ «Սասնա ծռերի» աջակիցների բողոքի գործողությունների, փողոց փակելու վերաբերյալ ասել էր. «Դրանք, վերջին հաշվով, թեև ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ»: Թորոս Սեֆիլյանը համաձայն չէ այդ բնորոշման հետ:
«Նման բան չկա: Մեր բողոքի գործողությունն ի շահ այսօրվա իշխանության է: Ովքեր հասկանում են քաղաքականությունից, թող մեկ ժամ տրամադրեն, վերլուծեն, հետո՝ մեկնաբանություններ անեն: Իսկ քաղաքականությունից չհասկացողները շատ են՝ մսավաճառը, ավտո սարքողը՝ բոլորը քաղաքականությունից են խոսում»,-նկատեց մեր զրուցակիցը:
Թորոս Սեֆիլյանը հավաստիացրեց, որ մինչեւ վերջ սատարելու են ՀՀ նոր իշխանություններին. «Ուզում եմ դա հստակ լինի եւ բոլորը հասկանան դա: Բայց հերիք է ոմանք խոչընդոտեն եւ «սեւ կատու մտցնեն» մեր եւ նոր իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Եթե Փաշինյանի շրջապատի մարդիկ տեղեկատվության պակաս ունեն, ապա մի քանի օրում կհամոզվեն, որ մենք անկեղծ ենք, եւ որ մեր խոսքը խոսք չէ, այլ գործ»:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ «Սասնա ծռերի» գործը պետք է հանգուցալուծվի իրավական ճանապարհով, Թորոս Սեֆիլյանը նշեց. «Մենք էլ ենք նույնն ասում, բայց խափանման միջոց կալանքը թող փոխվի: Մենք արդարադատություն ենք պահանջում: Երբ դատարանն արդար լինի, իրենք պետք է տանից գան դատարան՝ նիստի»:
Ինչ վերաբերում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործին, Թորոս Սեֆիլյանը հույս հայտնեց, որ նրանց խափանման միջոցն էլ կփոխվի, եւ արդար դատաքննություն կիրականացվի:
Հիշեցնենք, որ Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել եւ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ռազմավարական նշանակության շինություններ զավթելու փորձի համար դատապարտվել 11 տարվա ազատազրկման, իսկ «Սասնա ծռերը» մեղադրվում են մի շարք ծանր հանցագործությունների՝ ապօրինի զենք-զինամթերքի փոխադրման, պատանդառության, սպանությունների համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ